— Այլ խոսքով, սիրելի քույրիկս ուզում ես, այսպես ասած, դռներդ փակել իմ առջև, չէ՞․․․
— Եթե ուզում ես ճիշտ իմանալ — այո՛, միայն ոչ իմ, այլ ուրիշի դռները։
— Դու կատարյալ դրագուն ես դարձել, սիրելիս, այդ քեզ չի սազում։
— Միխաչիլ Մարկիչը քեզանից երես է դարձրել, այժմ դու նրա փոքր եղբորն ես հարստահարում։ Ամոթ է վերջապես...
— Իսկի Էլ ամոթ չէ։ Այժմ ես Արզաս Մարկիշի, այսպես ասած, վերահսկողն ու դաստիարակն եմ։ Կարծեմ, այս կրրկնակի պաշտոնի համար ունեմ իրավունք նրանից վարձ ստանալու։
Այդ ճիշտ էր. Ալեքսեյ Իվանովիչն այժմ Արշակի համար հսկիչի և դաստիարակի դեր էր կատարում, միայն կամավոր և վերին աստիճանի ազատամիտ հսկիչի։ Պատանին որոնում էր իր Զիպային, իսկ Ալեքսեյ Իվանովիչը օգնում էր գտնելու... Թատրոնում, ցիրկում, կուլիսների հետևում, հյուրանոցներում։ Իբրև դաստիարակ՝ նա իր աշակերտին սովորեցնում էր «մայրաքաղաքյան» ձևեր և նիստ ու կաց։
Մի երեկո վարժապետ ու աշակերտ թատրոնից դուրս գալով, մտան մերձակա հյուրանոցը ընթրիք անելու։ Այնտեղ նրանք հանդիպեցին Սմբատին, որ, մի քանի հասակակիցների հետ նստած, զվարճանում էր։ Արշակր կամեցավ հեռանալ, Ալեքսեյ Իվանովիչը չթողեց։ Ի՜նչ կա վախենալու, Սմբատ Մարկիչը ոչինչ չի ասիլ, տեսնելով նրան «պատվավոր» ազգականի հետ։ Եվ նա գրեթե ուժով պատանուն նստեցրեց ճաշարանի անկյունում։
— Նո՛ւ, այսօր ազիատիկ ենք ընթրո՞ւմ, թե եվրոպիեն,— հարցրեց նա բուն գաստրոնոմի եղանակով։
— Ինչպես կամենաս։
— Գարսո՛ն,— Գոչեց Ալեքսեյ Իվանովիչը, նայելով իր քթի ծայրին,— մենյու... ընտրիր— դարձավ Արշակին, կերակուրների ցուցակը սպասավորից առնելով և նրան տալով։
— Դու ընտրիր ինձ համար էլ, քեզ համար էլ։