Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/307

Այս էջը հաստատված է

մասին։ Ալիմովներն իրավունք չունին այդ ապրանքի մասին խոսելու։

Խոսքն ուղված էր Սմբատի հասցեին, որ իսկապես ազնվություն բառ անգամ չէր արտասանել, խոսելով ու վիճելով սեղանակիցների հետ։ Նա նայեց անծանոթի երեսին ցածից վեր, զարմացած։

— Համեցե՛ք, պատրաստ է,— գոչեց Ղուլամյանի քեռորդին, բռունցքը դնելով սեղանի եզրին։

— Պարոն, ես ձեզ չեմ ճանաչում, ո՞վ իրավունք տվեց ձեզ մոտենալ իմ սեղանին։

— Ո՜վ, ո՜վ, հա՜-հա՜-հա՜, թքել եմ ձեր միլիոնների վրա։ Ասա խնդրեմ, ո՞վ է եղել քո հայրը, որ այդքան պարծենում ես։

— Պարոն, հեռացե՛ք այստեղից։

— Հարցնում եմ, ո՞վ է եղել քո հայրը. մի դռնապան, ջրկիր, հա՞ ֊հա՞ ֊հա՞...

— Հեռացե՛ք, եթե ոչ...— գոչեց Սմբատը, անգիտակցաբար բռնելով դատարկ շշի կոկորդը։

Սկսվեց իրարանցում։ Բոլոր սեղանակիցները վեր կացան, բացի Սմբատից, որ տակավին չդիտեր՝ ինչ է ուզում այդ մարդն իրենից։ Բռնեցին հարբած երիտասարդին, կամեցան քաշել մի կողմ, բայց նա, իր ուժեղ ձեռներով բռնողներին հրեց աջ ու ձախ և նորից մոտեցավ Սմբատին։

— Երեքիդ էլ միասին կջարդեմ, քուֆտա կշինեմ,— մռնչաց նա, ձեռով մի շրջան անելով դեպի Արշակի ու Ալեքսեյ Իվանովիչի կողմը։— էյ, եկե՛ք, թե ուզում եք, օգնեցե՛ք այս անպիտանին։

— Լսեցի՞ր, Արզաս, վայրենին մեր կողմն էլ է, այսպես ասած, քարեր շպրտում։ Զգու՞յշ, պետք է պոլիցիա կանչել, որ սկանդալիստին դուրս տանի։ Գարսո՜ն...

Սմբատը գունատված ոտքի կանգնեց պաշտպանվելու։ Հարբած հաղթանդամը բռունցքը բարձրացրեց, որ նրան խփի, բայց նույն վայրկյանին գինու մի շիշ, օդի մեջ պտույտներ գործելով, դիպավ նրա կրծքին։ Նա մի քայլ հետ դրեց, ապա, գլուխը բարձրացնելով, նայեց այն կողմ, ուսկից ստացավ հանկարծակի հարվածը։ Եվ իր առջև տեսավ