պաշտպանելու համար շիշն արձակեց այդ կոպիտ, երիտասարդի վրա։
— Ես ուզում էի նրան սպանել, շարունակեց Արշակը խրոխտաբար,— նա պատրաստվել էր քեզ և ինձ ծեծելու։ Նա Ղուլամյանի քրոջ որդին է, Միքայելից վրեժ առնելու տեղ, ուզում է քեզանից և ինձանից առնել։
— Ի՜նչ խայտառակություն, ի՞նչ անպատվություն արտասանեց Սմբատը, ձեռը զարկելով սեղանին։ Ես ի՞նչ գործ ունիմ այստեղ, ո՞վ ինձ բերեց․․․ ինչու՞։
— Ինլու՞, այդ ինձ էլ է զարմացնում... Դու ինձ խրատում ես, և հանկարծ․..
— Բավական է,— ընդհատեց Սմբատը, լռի՛ր, ասում եմ, Այդ քո գործը չէ, հասկանում ես, դու երեխա ես, չես կարող ըմբռնել իմ վիշտը։
Եվ մի փոքր լռելուց հետո շարունակեց.
— Գիտե՞ս ինչ, Արշակ․ թույլ եմ տալիս քեզ ամեն բան անելու, հասկանո՞ւմ ես, ամեն բան, միայն Զինաիդայի հետ չամուսնանաս։ Պատճառը մի՛ հարցնիր, ես ինքս չեմ կարող բացատրել։ Բայց չամուսնանաս, լսի՛ր, երբեք չամուսնանաս։ Քեֆ արա, հարբիր, շռայլիր, ես քեզ փող կտամ որքան ուզում ես, մաշի՛ր կյանքդ, այրի՛ր սիրտդ, փտեցրու մարմինդ, բայց մի՝ ամուսնանար.․. Գնա՜ , կորի՜ր... Այնտեղ քեզ սպասում է ֆանֆարոնը, ձրիակերը... Քույրն ինձ է դժբախտացրել, եղբայրը քեզ է հարստահարում։ Բայց ոչ, նա չարժե իր քրոջ կոշիկներին։ Նա ոչնչություն է, իսկ քույրն ամբողջություն, միայն իմ կյանքը թունավորող ամբողջություն, դուրս, թո՛ղ ինձ մենակ իմ ցավերի հետ...
Նա գրեթե ուժով վռնդեց եղբորը դուրս, փակեց դռները և նորից ընկղմվեց գահավորակի վրա։ Եթե մեկը դռների արանքից նայեր, կտեսներ, որ երեսներկու տարեկան տղամարդը հանդարտ լալիս է, ինչպես կին.․․
Մյուս սենյակում Ալեքսեյ Իվանովիչը հյուրանոցի տիրոջը վրդովված գանգատվում էր ասիական վարք ու բարքերի դեմ, Այս ի՞նչ երկիր է, ուր պատվավոր մարդկանց