Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/31

Այս էջը հաստատված է

գլուխների մի քստմնելի ճահիճ։ Այստեղ՝ վերջին տարազի հագուստներ, ոսկե շղթաներ, թանկարժեք «բրելոկներով», ադամանդյա մատանիներ ու փողկապի քորոցներ։ Կարելի է խղճալ ստորինին, գրչով համակրել նրան, սակայն գրավիչը վերինն է։

Թղթակիցը մոտեցավ Սմբատին, որ դիտում էր իր սեղանի փշրանքներից խլրտող խուժանը, և ասաց.

— Պարոն Սմբատ, ես այսօր ևեթ մտադիր եմ թաղման հանդեսը նկարագրել և ուղարկել «Կայծակ» լրագրին, որ, ինչպես գիտեք, ամենից հարգվածն է ու տարածվածը։

— Ինչպես կամենաք,— արտասանեց Սմբատն անտարբեր, նույնիսկ չնայելով թղթակցի երեսին։

— Մեր պարտքն է ասպարեզ հանել հանգուցյալի օրինակելի բարեգործությունը… Քարոզն այստեղ միայն լսեցին… գրվածքը կկարդան աշխարհի բոլոր անկյուններում… Ուստի թույլ տվեք նախքան գրելը մի քանի լրացուցիչ տեղեկություններ իմանալ ձեզանից…

— Մի ուրիշ անգամ, պարոն, այսօր դրա ժամանակը չէ,— ասաց Սմբատը և երեսը դարձնելով հեռացավ։

Թղթակիցը նրա հետևից մի կատաղի հայացք ձգեց և մտքում ասաց. «ա՛յժմ ես գիտեմ ի՛նչ պետք է գրել, հղփացած բուրժուա՛»։

Մոտեցավ ազատամիտ Տեր-Աշոտը։

— Ցտեսությո՛ւն, Սմբատ Մարկիչ, թույլ տվեք կրկին ու կրկին ասել, որ ձեր հայրն իր անունն անմահացրեց։

— Պարոն Սմբատն իր հանգուցյալ հոր արածների արժեքը մեզնից լավ է գնահատում,— միջամտեց պահպանողական Տեր-Սիմոնը, որ քայլ առ քայլ հետևում էր Սմբատին՝ տնային քահանայի իրավունքով։

Սմբատը՝ քաղաքավարի, բայց սառը սեղմեց մեկի ու մյուսի ձեռքը, և, երեսը դարձնելով, հեռացավ։

Բազմաթիվ նախանձոտ հայացքներ ուղեկցում էին նրան ամենուրեք։ Այնինչ այդ պահին նա իր սրտի վրա զգում էր մի այնպիսի ծանրություն, որի նմանը երբեք չէր զգացել…


Ալ.Շիրվանզադե, Երկերի ժողովածու, հ. III-3