Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/310

Այս էջը հաստատված է

մազի չափ հարգել չգիտեն։ Այստեղ բարձր բարձր ուսում ստացածներն էլ վայրենանում են։

— Սատանան տանի քեզ,— դարձավ նա Արշակին,— պենսնես գցեցիր, կոտրեցիր, այժմ կատարյալ կույր եմ։ Չէ, եղբայր, Սմբատ Մարկիչն իրեն բոլորովին կորցրել է, այսպես ասած, ղեկը ձեռից բաց է թողել։ Նստենք․ ես հիացած եմ քո քաջությունով, այո, ճիշտ իսպանացի ես, զուր չեմ ասել...

Նրանք նստեցին նույն սեղանի քով։

— Այս ի՞նչ է,— ասաց Ալեքսեյ Իվանովիչը, գինու շիշը էլեկտրական լույսի դեմ պահելով,— շարտրյոզ է, թե՞ ֆու, կարծեցի շամպանիա է ... Ամեն ինչ խավարվեց․..

— Սպասավոր, շամպանիա, Ռեդերեր,— գոչեց Արշակը։

— Դու կարծում ես շամպանիան խավարը կփարատի՜,— ժպտաց Ալեքսեյ Իվանովիչը,— а чтож, փորձենք։ Նու՛, ունայնություն, ունայնությանը, մոռացի՜ր ինցիդենտը։ Իսկական ջենտլմենը, այսպես ասած, վայրենիների կոպիտ արարքները շուտ է մոռանում։

Սմբատը գիտեր, որ կյանքի կանոնավոր շավղից շեղվում է։ Գիտեր և դարձյալ հետ չէր կանգնում։ Մոլի կենցաղը հետզհետե բթացնում էր նրա նյարդերը և նրա հոգեկան աշխարհը ձգում ինչ-որ անփարատելի մթություն։ Հյուրանոցների արբեցուցիչ մթնոլորտում, նոր ձեռք բերված զվարճասեր ընկերների շրջանում գտնում էր գեթ ժամանակավոր մոռացում։ Եվ այսքանը բավական էր։ Ի՞նչ փույթ, որ արթուն ժամերին ավելի սաստիկ էր զգում վիշտը և անխնա դատապարտում իր նոր կենցաղը։

Երբեմն հիշում էր մի աղքատիկ շրջան, ուր անց էր կացրել բավական խաղաղ ժամեր, ուր նրա մտքերն ու զգացումները հանդիպել էին հարգանքի և համակրության։ Եվ նրա առջև պատկերանում էր պայծառ լուսավորված մի սեղան և եռացող սամովարի մոտ մի սիրուն դեմք, համեստ, բայց հպարտ... Այդ րոպեներին նրա ականջներին հնչում էին քեռու խոսքերը․․․

— Ինչու՞ ճիպոտդ քոլիցդ չպոկեցիր։