Կրծքից արձակելով դառն հառաչանք, ձեռով բացասական տխուր շարժում էր անում, կարծես, հեռացնելով իրենից սիրուն կերպարանքը։ Պետք է մոռանալ և չմտածել այդ աղջկա մասին, չէ՞ որ ուշ է, չէ՞ որ այսուհետև ոչ մի զիջում չի կարող օգնել։
Նայում էր իր կնոջ մշտապես դժգոհ դեմքին, լսում էր մոր անվերջ բողոքները, քրոջ չարամիտ դրդումները, հիշում էր հոր վերջին խոսքերը, վերարտադրում էր իր յոթամյա լուռ տանջանքները և նորից քայլերն ուղղում դեպի հյուրանոց։ Թող այսպես լինի, թող նա վերջացնի նրանով, ինչով սկսել են իր եղբայրները։ Մարդկանց կեղծիքի և շողոքորթության տակ զգում էր քողարկված արհամարհանք դեպի իր ամուսնական վիճակը. աշխատում էր համոզել իրեն, թե այդ արհամարհանքը մի կիսակիրթ շրջանի նախապաշարումների ծնունդ է, բայց, այնուամենայնիվ, ճնշվում Էր ամբողջ հոգով։ Երբեմն մտածում էր. այլևս ի՞նչ օրվա համար է հարստությունը, եթե ինքը դժբախտ է։ Ավելի լավ չէ՞ր լինիլ, եթե զրկվեր հոր ժառանգությունից, մնար հեռու այս ճնշող շրջանից և լուռ կրեր իր տառապանքները, ինչպես կրել էր յոթ տարի շարունակ, բոլորից, նույնիսկ ամենամտերիմ բարեկամներից, թաքցնելով իր վշտերը։ Բայց զգում էր, որ արդեն ընտելացել է դրամի հրապույրին, զգում էր նաև երկյուղ աղքատությունից, հիշելով իր քաշած չքավոր օրերը։ Եթե հարստությունը չի կարող բուժել նրա վերքը, գոնե ժամանակ֊ժամանակ մոռացնել կտա վշտերը։ Պետք է, ուրեմն զվարճանալ և ինչո՞ւ, ինչո՞ւ չզվարճանալ...
Եվ նա սկսեց շռայլել հայրական փողերն այնպես, ինչպես մի ժամանակ շռայլում էր Միքայելը։ Նա սկսեց և թուղթ խաղալ, ծանոթանալ թատրոնական կուլիսների հետևի կյանքին։ Չէ՞ որ դժբախտ է և մի կերպ պիտի աշխատի խեղդել սրտի կսկիծները...