Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/312

Այս էջը հաստատված է

ԵՐՐԿՐՈՐԴ ՄԱՍ

I

Հանքային նոր կացարանների կառուցումն ավարտվեց բարեկենդանին։ Տեղափոխվելու նախընթաց երեկո Զարգարյանը գնաց քաղաք։ Սմբատը տվեց նրան մի բուռ թղթադրամ և պատվիրեց մյուս օրը մշակներին հյուրասիրել։

Գումարը բավական մեծ էր․ կարելի էր հանդիսավոր խնջույք սարքել։ Զարգարյանը այսպես էլ որոշեց անել։

— Ինչպես կամենաք,— ասաց Միքայելը,— բայց, իմ կարծիքով, չարժե հասարակ դեպքից ինչ-որ տոնախմբություն շինել։

— Հասարակ դե՞պք,— զարմացավ Զարգարյանը,— կարծեմ մշակների համար այդպիսի պալատներ տեղափոխվելը փոքր բան չէ։ Տեսեք ուրիշ հանքատերերի մշակներն ինչ խոզաբներում են բնակվում։

Նոր կացարանների թիվը երեք էր — ամեն մի հանքախմբի մշակների համար առանձին։ Դավիթը որոշեց հանդեսը սարքել այն տանը, որ ամենից մեծն էր և ավելի մոտիկ գրասենյակին: Դա մի երկարաձև շինություն էր, մի հարկանի, բայց գետնից բաժանված նկուղներով, որոնք չպիտի երկրի խոնավությունը և գազը թույլ տային վերև թափանցելու։ Առաստաղները բարձր էին, լուսամուտները լայն, պատերը ծածկված յուղաներկով։ Յուրաքանչյուր մշակի համար դրված էին առանձին անկողնակալ ու նստարան։ Տունը