Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/314

Այս էջը հաստատված է

փույթ չԷ․ մթին ծովն այսօր գոհ է շատ քչից, գոհ՝ եղանակի ջերմությունից, երկնի պայծառությունից և մանավանդ այն փշրանքից, որ պարգևում է նրան հարուստ տերերի քիմքը։

Միքայելը լուռ, գունատ, անցնում էր լուսնոտի պես, սենյակից սենյակ, գավիթ, փողոց, ամենուրեք ակամա որոնելով մի կերպարանք, որ անհաղթելի տիրել էր նրա հոգուն։ Իսկ այդ կերպարանքը արդեն տասն օր էր չէր երևում ո՛չ պատշգամբի վրա, ո՛չ լուսամուտների առջև։ Նա ամաչում էր ինքն իրեն խոստովանել, թե այսօրվա հանդեսին չհակառակեց՝ հենց Շուշանիկին տեսնելու գաղտնի հույսից դրդված։

Քաղաքից եկան — Սրաֆիոն Գասպարիչը, գլխավոր հաշվապահի հետ, հետո Արշակը՝ Սուլյանի և, փոքր անցած, Անտոնինա Իվանովնան՝ իր եղբոր հետ։

Դավիթը նրանց համար տանը պատվիրել էր առանձին նախաճաշ։ Նա շտապեց Շուշանիկին կանչելու, որ գա Անտոնինա Իվանովնային զբաղեցնի։Մի քանի րոպե անցած՝ ամբոխը հարգանքով ճանապարհ էր տալիս այն աղջկան, որ շատերի համար էր նամակներ գրել ու կարդացել, շատերի համար կարել ու կարկատել է և շատերի վերքերի սպեղանին փոխել այդ կարճ միջոցում։ Օդը բարձրացան ֆուրաժկաներն ու փափախները, դեմքերը ժպտացին այնպես, որպես միայն կարող է ժպտալ նավթային ծովը լուսնի շողերից։

— Добрая, славная барышня,— լսեց Անտոնինա Իվանովնան երախտագետ մուժիկների ձայնը։

Եվ նրան թվաց, որ նույնիսկ արեգակը կարող է նախանձել այն տպավորությանը, որ գործեց մի համեստ աղջկա երևալն այդ կոպիտ ամբոխի վրա։

Շուշանիկը մոտեցավ նրան, հարգանքով բարևեց։ Նա չէր ուզում այսօր տնից դուրս գալ, բայց դուրս եկավ, չէր ուզում Սմբատին հանդիպել, բայց եկավ հենց նրան տեսնելու հույսով։ Սակայն ցնցվեց, երբ Անտոնինա Իվանովնան անկեղծ բարեկամությամբ սեղմեց նրա ձեռը։ Ամոթի զգացումը նրա մեջ տեղի տվեց խղճի խայթոցին. չէ՞ որ այդ կնոջ առջև մեղավոր էր իր ապօրինի զգացումներով։ Նա