Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/315

Այս էջը հաստատված է

ավելի ցնցվեց, երբ տիկինը բռնեց նրա թևն ընկերաբար և խնդրեց միասին շրջել ամբոխի մեջ։

Հենց առաջին հայացքից տիկինը հետաքրքրվել էր տարօրինակ հասարակությամբ։ Նրա աչքերի առջև տարածվել էր սև կերպարանքների մի բանակ, ուր տիրում էր ազգերի, կրոնների, լեզուների ու տարազների խառնուրդ։ Խառնուրդ, որ առաջին անգամն էր նա տեսնում։ Նա փափագեց մերձենալ մթին ծովին, նայել խորը, տեսնել, ինչ է կատարվում հատակում։

— Ֆո՛ւ, սատանան տանի, այստեղ ամեն ինչ ապականվում է,— ասաց Ալեքսեյ Իվանովիչը։

Նա շինելի փեշերը հավաքել էր ու բռնել փորի վրա, որպեսզի չշփվեն նավթահոտ ցնցոտիների հետ։

— Այո՛, բայց միայն դրսից,— նկատեց Շուշանիկը լուրջ։

— Կերա՞ր,— շշնջաց Անտոնինա Իվանովնան եղբոր ականջին,— պետք է զգույշ խոսել այդ աղջկա մոտ։

— Բայց բավական պիկանտ է,— ասաց Ալեքսեյ Իվանովիչը։

Անտոնինա Իվանովնան մի սաստող հայացք ձգեց նրա երեսին և ունքերը կիտեց։ Շուշանիկը նրան ներշնչում էր համակրանք և հարգանք։ Այդ աղջիկը նրան թվում էր սև աշխարհում մենակ բուսած մի հազվագյուտ ծաղիկ։ Այսօր, ավելի ուշադիր դիտելով նրան, դատապարտում էր մտքում իրեն, որ առաջին հանդիպման ժամանակ հետը վարվել էր անփույթ, հեգնաբար։ Ո՛չ, այդ աղջիկը նման չէր իր շրջանի կանանց։ Ռուսիայից գալուց հետո առաջին անգամ է տեսնում այդպիսի խոհուն կանացի դեմք, որ կրում է մտավոր զարգացման դրոշմ։

Նա սկսեց խոսել Շուշանիկի հետ ամբոխի մասին, աշխատելով ծանոթանալ օրիորդի մտավոր ու բարոյական աշխարհի հետ։ Հարցուփորձ էր անում մշակների նիստ ու կացի, տնտեսական ու բարոյական վիճակի մասին։ Շուշանիկը պատմում էր, ինչ որ գիտեր, պարզ խոսքերով, առանց սև գույնի նկարագրելու դառն աշխատանքի տակ հեծող ամբոխի դրությունը։ Տիկինն իր անկեղծ վարմունքով կամաց-կամաց