Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/316

Այս էջը հաստատված է

գրավում էր նրա համակրանքը և ակամա, անգիտակցաբար ենթարկում նրան իր մտավոր գերազանցության հրապույրին։ Նա նույնպես օրիորդին թվում էր դրամի գործնական աշխարհը ճակատագրի քմքով ընկած մի բացառիկ էակ, որից միայն և միայն Սմբատը կարող է բարձր լինել։ Եվ Շուշանիկը չէր սխալվում. ուսումով, կրթությամբ, ընտանեկան վիճակով Անտոնինա Իվանովնան ամբողջ քաղաքում ներկայացնում էր բացառություն։ Գլխավորապես հենց այս էր պատճառը, որ նա բոլորի խոսակցության առարկան էր դարձել։

Ամբոխը, Դավթի նշանով, բազմեց սեղանների քով և կազմեց մի քանի երկայնաձև մթին քառակուսիներ։ Անտոնինա Իվանովնան շարունակ, թևը Շուշանիկի թևին գցած, շրջում էր, անցնում սեղանից սեղան, դիտում, ուսումնասիրում, խնդրելով օրիորդին թարգմանել տեղացի մշակների ասածները։ Իսկ մշակները հրում էին միմյանց, բարձրաձայն ծիծաղում ուրախ-ուրախ, ավելի ու ավելի հարմարեցնելով իրենց տեղերը։ «Մեծամեծների» ներկայությունը նրանց չէր նեղում. բոլորն էլ կամենում էին ազատություն տալ իրենց տարիներով կաշկանդված կամքին։ Իսկ սրա համար հարկավոր էր դիմել ըմպելիների օգնության։

Դավիթը մոտենում էր սեղաններին ու կրկնում.

— Տղերք, խմեցեք, ինչքան քեֆներդ է, գինի, արաղ շատ եմ բերել տվել, բայց չհարբեք հա՜ա՜, էս է ասում եմ․․․

— Այնինչ, մշակները շտապում էին շշերը միմյանց հետեվից դատարկել։ Սրախոսում էին խմելու մասին մի ժարգոնով, որ միայն նավթահանքերի բնակչությանն էր հասկանալի։

— Ադա,— ասում էր մեկը, ցույց տալով իր կոկորդը,— տրուբաս զըսարիցա[1] իլավ, որզշիրիդելը[2] դես տուր, լենացնեմ...

  1. Խողովակս կեղտոտվեց, այսինքն «կոկորդը կապվեց»։
  2. Լայնի, որ մի տեսակ գործիք է նավթահորերի խողովակներն ուղղելու համար։