Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/32

Այս էջը հաստատված է

III

Հոր առանձնասնենյակում նստած, Սմբատը կարգի էր բերում հանգուցյալի հաշիվները։

Սեղանի վրա փռված էին անթիվ թղթեր — պայմանագրեր, հաշվեթղթեր, մուրհակներ։ Ծանոթանալով հանգուցյալի գործերին, մտքում որոճում էր այն ընթացքը, որ պիտի բռներ իր համար միանգամայն նոր և անծանոթ առևտրական ասպարիզում։ Սակայն չէր կարողանում իր ուշքը հարատև կենտրոնացնել միայն այս խնդրի վրա։ Կար մի ուրիշ բան, որ բռնությամբ կաշկանդում էր նրա միտքը: Մերթ նրա առնական դեմքով սահում էր դառն ժպիտ, մերթ մռայլ ճակատը պայծառանում էր։

Սեղանի վրա թանաքամանին հենած էր մի մեծ լուսանկար։ Ահա նրանք, այն թանկագին էակները, որ տարիներ շարունակ անջատել էին նրան մայրենի միջավայրից ե ծանրացրել հոր անեծքը նրա հոգու վրա։ Սոսկալի դիլեմա․ նա ատում էր իր կնոջը և սիրում զավակներին։ Տասնուհինգ օր էր ընդամենը բաժանվել իր սրտի ամենանուրբ ու ամենազգայուն թելերից, հոգու ամենաթրթռուն շողերից և այժմ որքա՜ն կարոտ, դառնություն ու վիշտ։ Այո՛, նա միշտ սիրել է իր զավակներին, բայց երբեք այդչափ, երբեք: Եվ ահա նրան ուզում են ստիպել բաժանվել նրանցից, բաժանվել հավիտյան՝ հանուն ինչ-որ տխմար օրենքների, ինչ-որ վայրենի նախապաշարումների։ ի՞նչ, մի՞թե հնարավոր է դուրս գջլել սիրտը կրծքի տակից, անջատել հոգին մարմնից և… ապրել։

Ո՛չ, ոչ․ նա չի սիրում իր կնոջը և վաղուց է եկել այն եզրակացության, որ երբեք չի սիրել նրան և ոչ էլ սիրվել նրանից։ Դա մի սխալ էր, մի անզգուշություն, որ նա գործեց առանց ինքն իրեն հաշիվ տալու, առանց իր զգացումների խորքը վերլուծման ենթարկելու, ինչպես արել և անում են շատ շատերն իրենց երիտասարդ հասակում։

Իսկ երբ զգաց, որ մոլորվել է, արդեն ուշ էր, շատ ուշ: Ի՞նչ, նա որպես ազնիվ մարդ չպիտի՞ կապվեր օրինական կապով այն ազնիվ ծնողների մաքուր և անապական