Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/323

Այս էջը հաստատված է

նրանց կարելի էր տեսնել ամենից առաջ, ամենավտանգավոր տեղերում։ Երբ նրանք երևում էին հրդեհի վայրում, ամբոխին տիրում էր ոգևորություն, բոլորը սիրտ էին առնում։ Երբ մեկը վտանգի էր ենթարկվում, մյուսները իրենց կյանքի գնով ձգտում էին ազատել նրան կորստից։ Երբ ուրախ էր մեկը, ուրախ էին և մյուսները, և ընդհակառակը։ Նրանք իրարու հետ կատակներ էին անում, միմյանց ծաղրում, բայց վա՜յ այն մշակին, որ կհանդգներ նրանցից մեկին վիրավորել։ Իսկույն փայլում է Ռասուլի դաշույնը, ասպարեզ էին գալիս Չուպրովի հուժկու բազուկները և Կարապետի լայն թիկունքները։ Մի անգամ նրանք ընդհարվեցին հարևան հանքատիրոջ մշակների հետ և երեք հոգի քսան մարդու դիմադրեցին։

Այդ բոլորը պատմեց Դավիթ Զարգարյանն Անտոնինա Իվանովնային և պատմեց, կարծես, ոչ առանց նպատակի։ Տիկինը լսում էր հետաքրքրված և... մտածում։

Ամբոխը ցրվեց։ Մյուս օրն առավոտը նա կտեղափոխվի նոր կացարանները։

Դավիթը հյուրերին առաջարկեց մյուս շինությունները ևս նայել։ Դրսում սպասում էին մի քանի կառքեր։ Բոլորն ընդունեցին նրա հրավերը։ Բակն ու պատշգամբը դատարկվեցին։

Արդեն մի ամբողջ ժամ էր Միքայելն առիթ էր որոնում Շուշանիկի հետ առանձին տեսնվելու։ Օգտվելով հյուրերի բացակայությունից, նա անցավ այն սենյակը, ուր օրիորդը մի մշակի օգնությամբ հավաքում էր սեղանը։

Նա ներս մտավ տենդային հուզման մեջ, նշան արավ մշակին հեռանալ և դռները փակեց։

Շուշանիկը ցնցվեց։ Տեր աստված, էլի այդ մարդն ի՞նչ է ուզում նրանից։ Նա ամոթից և երկյուղից սկսեց դողալ այնպես, որ ձեռքից բաց թողեց բաժակները և կոտրեց։ Փախչե՞լ, թե՞ մնալ։ Բայց դռները փակ են։ Էհ, թող ինչ լինելու է՝ լինի։ Նա չպիտի վախենա, նա կարող է իրեն պաշտպանել։

Միքայելը մոտեցավ, կանգնեց դեմուդեմ, սեղանի մյուս կողմում։