Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/325

Այս էջը հաստատված է

անկիրթ, նա բարոյական մարդ է՝ ես անբարոյական։ Հետո, ինչ եք ուզում դրանով ասել։ Բայց․․․ բայց ես էլի ձեզ արհամարհում եմ... Հա՜—հա՜—հա՜, կոտր ընկած մի վաճառականի աղջիկ, ժամանակակից օրիորդ, գեղեցկուհի, համեստ, հրեշտակի պես հեզ, ինտելիգենտ իդեալներ երազող, հա՜—հա՜—հա՜...

Նրա ծիծաղն անբնական էր, նույնիսկ երկյուղալի Շուշանիկի համար։ Նա, կարծես, զառանցում էր, չգիտեր իր ասածների միտքը։ Շունչը հետզհետե սպառվում էր, մերթ նստում էր, մերթ վեր կենում, անգամ ձեռն ուժգին զարկելով սեղանին։

Նա շարունակեց նույն ուղղությամբ, նույն անկապ խոսքերով, օ՜օ, նա գիտե, այժմ Շուշանիկը ինչ է մտածում։ Թող այնքան հիմար չհամարի Միքայել Ալիմյանին։ Ո՞ւմ չի հայտնի, որ անփորձ կանայք այն տղամարդկանց են սիրում, որոնք «խորհրդավոր» են կամ դժբախտ, կամ քիչ են խոսում, կամ խելոք են ձևանում։ Բայց բոլոր տղամարդիկ միմյանց նման են, եթե լավ ճանաչես։ Ինքը՝ Միքայել Ալիմյանը կարող է վատ էլ լինել, լավ էլ, չար էլ, բարի էլ, վախկոտ էլ, քաջ էլ։ Բոլորը կախված է հանգամանքներից։ Նա րոպեի մարդ է, շատ անգամ մի բան մտածում է, անում է հակառակը։

— Հենց այն օրն էլ այդպես էի, հիշո՞ւմ եք այն օրը։ Իհարկե, չեք մոռանալ։ Բայց ես... ես իսկույն մոռանում եմ վիրավորանքը։ Գիտեք, ես փչացած եմ, ընկած, զզվելի, ինչ կամենաք, բայց այստեղ, ա՜յ, այս կրծքի տակ զգացմունք կա, հասկանո՞ւմ եք։ Ես ընդունակ եմ մի ժամում ձեզ և՛ ստորացնել, և՛ բարձրացնել, և՛ տապալել, և՛ ձեր ոտների տակ տապալվել։ Հասկացե՛ք այս բանը, ճանաչեցե՛ք ինձ, վերջապես։ Հայրս ինձ գիժ էր համարում, բայց տեսա՜ք ես քանի՜—քանի՜ վիրավորանքներ ստացա և ինձ զսպեցի։ Ես օրինավոր մարդ չեմ, էէ՜, շատ հարկավո՞րս է։ Բայց, համբերեցե՛ք, մի օր ինձ համար․․․ Ուզո՞ւմ էի գրազ գալ, որ դուք ինձ հաղթել չեք կարող․․․ դուք բարոյական, ես անբարոյական․․․

— Ես ձեզ հետ մրցելու ո՛չ ուժ ունիմ, ո՛չ ցանկություն։