Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/326

Այս էջը հաստատված է

— Դուք ինձ զզվանք եք ցույց տալիս։

— Իմ զզվանքը ձեզ համար չի կարող նշանակություն ունենալ։ Դուք հարուստ եք, ես աղքատ․․․

— Ես ձեզ խնդրում եմ հարստության և աղքատության մասին չխոսել․..

— Ինչպե՞ս չխոսել, քանի որ ինքներդ մի քիչ առաջ պարծեցաք, թե հարուստ եք, ամեն բան կարող եք անել։ Բա՛ց արեք դռները...

— Ես ձեզ այդ ասացի՞... Ի՞նչ է նշանակում... Ես ոչինչ չասացի, բայց կարելի է, ո՞վ գիտե... Ես այնքան գրգռված եմ, որ չգիտեմ ինչ եմ խոսում։

— Այդ երևում է։ Բա՛ց արեք դռները։ Տանն ինձ սպասում է կոտր ընկած վաճառականը, անդամալույծ հայրս։

Այս խոսքերը բոլորովին զինաթափ արին Միքայելին։

— Օրիորդ,— արտասանեց նա, այժմ ինքն իր դեմ բարկանալով,— ես չգիտեի, որ ձեզ կարող է վիրավորել ամեն մի խոսք... Ներեցեք, ես ամեն մի բառ չեմ կարող մի Ժամ մտածելուց հետո ասել... բերանիցս թռավ։ Իսկ եթե կամենում եք ճշմարտությունն իմանալ, լսեցե՛ք․ հարստությունը շատ մարդկանց փչացնում է... Երևի, այժմ կհավատաք...

— Մի՞թե,— արտասանեց Շուշանիկն աներկյուղ հեգնությամբ,— ինչո՞ւ բոլորին չի փչացնում...

— Գիտեմ, իմ եղբոր մասին եք խոսում... բայց դեռ վաղ է, սպառեցե՛ք, ո՞վ գիտե, ինչ կպատահի... նա դեռ նոր է փողի համն առնում... Իսկ ես արդեն զզվել եմ․․․

Քանի գնում՝ այդ մարդն անհասկանալի էր դառնում։ Մերթ հանկարծ կատաղում էր ու ձայնը բարձրացնում, մերթ շփոթվում ու բառերը շփոթում։ Եվ Շուշանիկը չգիտեր նրա ո՛ր խոսքին կամ տոնին հավատա, որին՝ ո՛չ։ Միևնույն ժամանակ, այժմ նա ակամա հետաքրքրվում էր հենց նրա անհասկանալիությամբ։ Մի՞թե բոլորը, ինչ որ ասում է, կեղծ է։ Կոմեդիա։ Վերջապես, ի՞նչն է ստիպում այդ մարդուն խոսել այդպես։ Մի փչացած մարդ, առանց խորին պատճառի այդպես չի բորբոքվիլ։ Ի՞նչ է նշանակում այդ։ Վիրավորված ինքնասիրությո՞ւն, սե՞ր, կի՞րք, ատելությnւ՞ն, թե՞ զղջում։ Կարծես, բոլորն էլ խառնվել են միմյանց։ Նրա դեմքն