Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/327

Այս էջը հաստատված է

անգամ անհասկանալի է դարձել, մերթ թվում է տգեղ ու հրող, մերթ գեղեցիկ։ Իսկ այդ սպին նրա ճակատի վրա, խայտառակության այդ անշնչելի դրոշմը, կարծես, այլևս գարշ տպավորություն չի անում...

Բայց այդ ի՞նչ է։ Այն մարդը, որ կատաղի արտահայտում էր սրտի թույնը, այժմ բոլորովին անհասկանալի դարձավ։ Թուլացած, ընկճված, նստեց աթոռի վրա, նայեց մոլոր հայացքով Շուշանիկի երեսին, դրեց գլուխը սեղանի ծայրին և հեկեկում է։ Այո՛, հեկեկում է, ինչպես երեխա։ Այդ արդեն կոմեդիա չէ, մարդ չի կարող արհեստական կերպով այդպես արտասվել։ Բայց արտասուք և Միքայել Ալիմյան — ի՜նչ հակադրություններ։

Ձեռները հենած աթոռի մեջքին, աչքերը լայն բաց արած Շուշանիկն ապշած նայում էր։ Եվ այն, ինչ որ տեսնում էր․ թվում էր նրան երազ, այնքան անբնական էր նրա աչքում։

Միքայելն արագությամբ ոտքի կանգնեց, աչքերը սրբեց։ Նա բաց արավ դռները և ասաց․

— Գնացե՛ք, այսուհետև ձեզ հանգիստ կթողնեմ, գնացե՛ք․․․ Բայց մոռացեք բոլոր ասածներս․․․ Հենց այնպես, հիմար էի, անքնությունից էր, հիվանդ եմ․․․

Եվ դարձյալ մոտենալով սեղանին, ընկղմվեց աթոռի վրա։

— Տեր աստված,— դիմավորեց Շուշանիկին Անտոնինա Իվանովնան, կառքից ցած գալով,— այսօր դուք կատարելապես հիվանդ եք։ Գնանք ձեր տուն, ես ուզում եմ ձերոնց հետ ծանոթանալ։ Տվե՛ք ինձ ձեր թևը․․․

— Իմ թևը մի՛ առնեք, արժանի չէ,— ասաց Շուշանիկը, ձեռը ցնցողաբար խլելով տիկնոջից։

Անտոնինա Իվանովնան նայեց նրա երեսին զարմացած և հետո ներքևի շուրթը սեղմեց ատամներով, գլուխը խորհրդավոր շարժելով։ Նա բոլորովին սխալ հասկացավ օրիորդի հոգեկան դրությունը, սխալ և վիրավորական...