Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/328

Այս էջը հաստատված է

II

Անցավ երկու-երեք շաբաթ։ Քաղաքում կյանքը շարունակվում էր նույն ուղղությամբ։ Տիկին Մարթան գրեթե ամեն օր գալիս էր և մորը լարում հարսի դեմ։ Ոսկեհատը ստեպ-ստեպ ընդհարվում էր Անտոնինա Իվանովնայի հետ։ Ընդհարման առիթները շատ էին, բայց մշտականը երեխաներն էին։ Մայրն աշխատում էր նրանց հեռու պահել ընտանիքի վատ ազդեցությունից, տատը ձգտում էր տիրանալ նրանց։ Այստեղից առաջանում էին ընտանեկան անընդհատ փոթորիկներ, որոնց դեմ Սմբատը միանգամայն իրեն անզոր էր զգում։ Մերթ մորն էր հանդիմանում, մերթ կնոջը։ Երկու կողմն էլ պաշտպանում էին իրենց իրավունքները եռանդով։

— Նա մեզ բոլորիս ատում է, ուռած ու փքված է,— ասում էր այրին,— վիզիտներ չի անում, երեխաներին տանը փակած է պահում, ոչ ոքի մոտ չի թողնում գնան։ Մոտս մի բարեկամ կնիկ գալիս, առաջը չի դուրս գալիս, մի բաժակ թեյ չի առաջարկում։ Ինձ ծաղրում են ազգականներս․․․ Ես ապրուստ չունեմ, որդի, դու էլ չունես, ձեռ քաշիր այդ կնոջից։

Անտոնինա Իվանովնան բացատրում էր իրողությունն այլ կերպ։ Նա ոչ ոքի չի ատում, չի արհամարհում, պատրաստ է բոլորի հետ հաշտվել, բայց թող նրանից անկարելին չպահանջեն։ Նա ունի իր հայացքները, ճաշակը, ինքնասիրությունը։ Չի կարող ժամերով նստել այս ու այն անկիրթ ազգականուհու հետ, լսել նրա բամբասանքները, ինքն էլ բամբասել։ Նա չգիտե նրանց հետ վարվելու, մինչև անգամ խոսելու ձևը։ Նա չի ուզում իր սիրտը բացատրել այդ կանանց, որոնք ուժով ներմուծում են նրա հոգեկան աշխարհը, կամենում են իմանալ՝ ո՛ր ժամին է քնում, որ ժամին զարթնում, ի՛նչ է մտածում, ո՛ւմ սիրում, ի՛նչ ատում։ Պահանջում են, որ նա այցելի աննպատակ, շռայլ ընտանեկան երեկույթներն ու ճաշերը, հագնվի այնպես, ինչպես ուրիշները, սիրե այն կերակուրները, որ սիրում են ազգականուհիները, չարախոսի նրանց թշնամիներին, կեղծավորի բարեկամներին, նույնիսկ թուղթ խաղա...