Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/329

Այս էջը հաստատված է

— Ես ինձ վերստեղծել չեմ կարող, թեկուզ կամենամ էլ։ Իմ և այդ կանանց մեջ ահագին անդունդ կա, չեմ ուզում և չեմ կարող կեղծիքով լցնել այդ անդունդը։ Եվ ոչ էլ ձեր մայրն է կարող։ Ուրեմն ինչու միմյանց խաբենք...

Սմբատը փախչում էր տնից՝ այս գանգատներից ազատվելու համար։ Առավոտն իջնում էր գրասենյակ, կարգադրում էր անհրաժեշտ գործերը և անհայտանում։ Ոչ ոքի չէր հաղորդում սրտի դառնությունները և անվայել էր համարում հաղորդելը։ Ո՞վ կհասկանա նրա կյանքի ամբողջ դրաման՝ իր բոլոր նրբություններով։ Միայն նա, ով համանման վիճակի մեջ է։ Իսկ այսպիսի մի երկրորդը դեռ չկա ամբողջ քաղաքում։ Ուրիշ տեղերում շատ կան, բայց այստեղ միակն է, թող միայն ինքն իմանա իր ցավերը։

Արշակը Զինաիդային գտնելու հույսը թողել էր և, Ալեքսեյ Իվանովիչի շնորհիվ, գտել էլմիրային։ Դա մի նորեկ կոկետուհի էր — մայրաքաղաքի հաճույքների դպրոցն անցած մի գեղեցկուհի։ Մի արկածախնդիր, որ եկել էր «ոսկե քաղաքում» բախտ որոնելու։ Տեսնվելով նոր սիրուհու հետ գիշերները, ցերեկներն Արշակը թափառում էր հյուրանոցից հյուրանոց և ամենուրեք որոնում նորանոր զվարճություններ։ Ալեքսեյ Իվանովիչի պաշարն անսպառ էր. ամեն օր իր աշակերտի համար պարզվում էր աշխարհային մի որևէ նոր գաղտնիք, ծանոթացնելով նրան «կյանքը սիրողների» ամենանուրբ և ամենահուզիչ հաճույքների հետ։ Այժմ պատանին փողի պակասություն չուներ։ Սմբատը տալիս էր առատ, մասամբ մոր անվերջ թախանձանքներից ու արցունքներից հարկադրված, մասամբ իր գլուխն ազատելու համար։

Իսահակ Մարութխանյանը դադարել էր Ալիմյաններին այցելել. չէ՞ որ Միքայելը նրան «անամոթաբար» վռնդեց իր տնից։ Նա այլևս այդ ընտանիքի հետ ոչինչ կապ չունի, բայց սպասիր «անպատկառ մանուկ», մի օր Մարութխանյանը ցույց կտա քեզ իր ասեղները։

Ամեն երեկո նա իր կաբինետում համարակալի վրա զանազան հաշիվներ էր անում։ Հանում էր երկաթե սնդուկից ինչ-որ թղթեր, նայում ստորագրությանը, կարդում, հրճվում