Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/33

Այս էջը հաստատված է

աղջկա հետ, որին զրկել էր կուսությունից, հրապուրելով նրան և նրանից հրապուրվելով։ Վերջապես, նա պիտի փողո՞ց նետեր այն փոքրիկ անմեղին, որի ծննդյան պատճառն էր, իր հարազատ զավակին։ Եվ ինչո՞ւ, ո՞ր բարոյական իրավունքով։ Ո՛չ, ո՜չ, որքան ևս դառը լիներ մոլորությունը, այնքան քաղցր էր նրա հետևանքը։ Եվ ահա նա ամուսնացավ, նա ծնողների սև նախապաշարումներն ու անմիտ ավանդապահությունը զոհելով ազնվության զգացմանը և բարոյական մարդու տարրական պարտականությանը։ Ի՞նչ փույթ, որ նա վռնդվեց ծնողների հարկից և արժանացավ հոր անեծքին:

Այսօր նա վերադարձել է այդ հարկի տակ, մնում է անեծքը։ Պե՞տք է կրել այդ անեծքը, թե՞ սիրտը կրծքի տակից դեն շպրտելով, ազատվել այդ անեծքից։ Հետո՞, մի՞թե ավելի մեծ, ավելի դաժան մի անեծք չպիտի ծանրանա նրա հոգու վրա — անմեղների հավիտենական անեծքը։ Ո՜չ, ո՜չ, նա կարող է ատել նրան, որին մի ժամանակ կարծում էր թե սիրում է և վաղուց արդեն ատում է, բայց ի՞նչպես բաժանվե հարազատ զավակներից, քանի որ ամեհի գազանն անգամ դեն չի շպրտում իր զավակներին։ Ավելի դյուրին չի՞ լինիլ, արդյոք, կրել մի համառ ու խավարամիտ հոր անեծքը, կրոնակիցների ծաղրն ու արհամարհանքը, քան դառնալ անազնիվ մարդ, անսիրտ ծնող և կրել հոգու վրա սև արատ և խղճի վրա կապարյա ծանրություն:

Սմբատը նորեն ու նորեն վերցրեց նվիրական լուսանկարը և հպեց իր շրթունքներին: Նա չէր նկատում, որ այդ պահին մեկը հանդարտիկ մոտենում է իրեն անլսելի քայլերով։

Այրին մի վայրկյան կանգ առավ որդու հետևը, զգացվեց նրա հայրական սիրով ու գլուխը տխրորեն շարժեց։ Բայց դա անցողիկ մի վայրկյան էր, մի թույլ շող, որ անցավ խավարի միջով և շուտով տեղի տվեց ավելի զորավոր ուժի։ Եվ այրիի արյունաքամ շրթունքները դողացին ու նրա կրծքից դուրս թռավ մի ծանր հառաչանք:

— Քո զավակնե՞րն են,— հարցրեց նա, ձեռը դնելով որդու ուսի վրա։