Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/330

Այս էջը հաստատված է

և հետո ծալում խնամքով ու դնում նորից իրենց տեղը, կրկնելով.

«Հիմա՜ր տղա․․․»

Երբեմն կնոջից տեղեկություններ էր հարցնում Ալիմյանների ընտանեկան գործերի մասին (առևտրականը նրանցից լավ գիտեր)։ Հետաքրքրվում էր եղբայրների հարաբերություններով, մասնավորապես հարցնում էր Միքայելի մասին. ինչո՞ւ քաղաք չի գալիս, մի՞թե հանքային գործերն են նրան այդչափ զբաղեցնում։

— Մեջտեղ անպատճառ մի և կլինի,— ասում էր խորհրդավոր։

Նա մի առանձին հաճույքով վերագրում էր Միքայելին ամենագարշ հատկանիշներ, ամենաստոր միտումներ։ Մի օր Մարթան հաղորդեց, թե Անտոնինա Իվանովնան տեղափոխվում է հանքերը։ Իսահակը, կանաչ-դեղնագույն աչքերն ակնոցների տակից սևեռելով կնոջ երեսին, ասաց․

— Չե՞ս տեսնում, որ մեջտեղ մի և կա։

Նա կարծում էր, որ իր կինը, չափից դուրս ատելով Անտոնինա Իվանովնային, չի խղճահարվիլ մի ամենակեղտոտ ակնարկ ընդունելու եղբոր կնոջ վերաբերմամբ։ Բայց Մարթան վրդովվեց մինչև հոգու խորքն՝ ամուսնու ակնարկից և բորբոքված գոչեց․

— Չհամարձակվե՛ս, իմ եղբայրը քեզ պես մարդ չէ...

— Ես ոչինչ չասացի... Ես միայն ուզում եմ, որ եղբայրդ ամուսնանա։

Եվ այդ օրից նա նույնը կրկնում էր ամեն օր, ստիպելով Մարթային, որ համոզի Միքայելին ամուսնանալ։ Մի անգամ, վերջապես, կինը զարմացած հարցրեց․

— Չեմ հասկանում, ինչո՞ւ ես դու այդպես հոգս անում նրա ամուսնանալու մասին․․․

— Հաշիվներ ունեմ․․․

— Ի՞նչ հաշիվներ։

— Է՜հ, մի օր կիմանաս էլի, դեռ վաղ է․․․

Այնինչ, Միքայելը ոչ միայն ամուսնանալու տրամադրություն չուներ, այլև կյանքի սերը, կարծես, օր-օրի վրա թուլանում էր նրա մեջ։ Նա գործերը ամբողջովին հանձնել