Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/333

Այս էջը հաստատված է

մաքառելու ուժ չունիս, իսկ հասարակական կարծիքը քեզ կհալածի։ Ոչ ոք չի ասիլ, թե դու մի խեղճ, աղքատ մարդու աղջիկ, սիրում ես Սմբատ Ալիմյանին և ոչ նրա հարստությանը։ Օօ՜, ո՛չ, մարդիկ այդպիսի դեպքերում միշտ տրամադիր են մտածելու ամենավատը, ամենագարշելին. այս արդեն նրանց հատկանիշն է․․․

Շուշանիկը կատարելապես տանջվում էր։ Օօ՜, նա չի ուզում այդքան հոգացողություն հորեղբոր կողմից։ Թողեք նրան իր գաղտնի վշտերի հետ, մի՛ խառնվեք նրա հոգեկան գործերին։ Տեր աստված, այս ի՞նչ փորձանք է, ինչո՞ւ է այդ մարդն այդչափ հավաստիացած խոսում նրա սիրո մասին։ Նա երբեք ոչնչով չի արտահայտել Սմբատին որևէ զգացում, մինչև անգամ մտերմական խոսակցություն չի ունեցել նրա հետ։ Ինչի՞ց է եզրակացնում, թե սիրում է նրան։

— Կա լռություն, որ խոսքերից պերճախոս է։ Շուշան, մի՛ խաբիր ինձ և քեզ։ Դու այդ մարդով հափշտակված ես, վաղուց գիտեմ, դու գիշեր-ցերեկ նրա մասին ես մտածում, ինձ համար պարզ է, ինչպես այդ լամպի լույսը։ Ինչո՞ւ հեռու գնանք։ Այսօր պատահաբար բաց եմ անում քո կարդացած գրքերից մեկը... Ահա, սպասիր, կարծեմ հենց այստեղ է...

Նա բարձրացավ տեղից և սեղանի վրայից վերցրեց մի հաստ գիրք, որ Դիկկենսի վեպերից մեկն էր, թերթեց...

— Նայիր,— շարունակեց, գիրքը դնելով օրիորդի առջև,— դու ընդգծել ես այդ տողերը։ Նայիր մյուս երեսը, այդ ո՞ւմ անունն է գրված լուսանցքների վրա մատիտով։ Այս արդեն բավական պարզում է քո տրամադրությունն առանց քո կամքի։ Բայց մտածի՛ր, Շուշան, ի՞նչ հետևանք կարող է ունենալ մի սեր՝ ազատ աղջկա և ամուսնացած տղամարդի մեջ։ Դու կդժբախտանաս, իսկ ես այդ չեմ ուզում։ Դու խելոք ես, զարգացած, լավ սիրտ ունիս... Պարծենալով կարող եմ ասել, որ դու իմ աշակերտուհին ես...

Յոթ տարի աշխատել է նրանից պատրաստել մի օրինակելի աղջիկ։ Առաջին հոգսն է եղել սովորեցնել համբերությամբ տանելու կյանքի տառապանքները։ Ձգտել է ներշնչել նրան սեր դեպի մերձավորները, հեզություն, սովորեցրել