Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/335

Այս էջը հաստատված է

բուռն զգացումներին, որ արձագանք էին տալիս հորեղբոր անսքող խոսքերին, թուլացավ, ընկղմվեց գահավորակի վրա։ Գլուխը դրեց ասեղնագործ բարձիկին և հեկեկաց այնպես, որպես երբեք չէր հեկեկել:

Դավիթը խղճաց նրան, մոտեցավ, բռնեց ձեռներից։ Ինչո՞ւ այդպես շուտ և այդպես անզգույշ դիպավ ամոթխած աղջկա սրտի նվիրական զգացմանը։ Շուշանիկի հեկեկանքը փոխվեց հիստերիկայի։ Այժմ նրա աչքերից արցունքներ չէին գալիս, չոր հեծկլտանքը խեղդում էր կոկորդը։ Շրթունքները կապտել էին, այտերը կարմրել, աչքերն արյունով լցվել...

— Բավական է, բավական է, երեխա չես,— հանգստացնում էր Դավիթը։

Ներս մտավ տիկին Աննան։ Մյուս սենյակում անքուն սպասել էր յուր եղբոր բացատրության հետևանքն իմանալու։ Գրկեց Շուշանիկի գլուխն ու արտասվեց։ Միամի՜տ կին. նա կարծում էր, թե դստեր վշտի պատճառը Միքայել Ալիմյանն է...

Այդ օրից հետո Շուշանիկը լուսնոտի պես չէր շրջում սենյակից-սենյակ, չէր հառաչում այնքան տխուր ու ցածր։ Աշխատում էր միայն չհանդիպել հորեղբորը ամոթից։ Նա սկսեց դարձյալ պարապել տնային գործերով նախկին եռանդով։ Ձգտում էր նորից գրավել հոր սիրտը, որ վերջին ժամանակ բավական սառել էր դեպի անձնվեր աղջիկը։ Սակայն այդ արդեն այնքան էլ դյուրին չէր։

Օր չէր անցնում, որ Սարգիսը չանիծեր աղջկան։ Նա կրկնում էր, թե Շուշանիկը խոսք է կապել մոր, հոր եղբոր ու հորաքրոջ հետ՝ կամաց-կամաց սպանելու հարազատ հորը։ Ինչպես բոլորի, նույնպես և Շուշանիկի յուրաքանչյուր քայլին վերաբերվում էր կասկածով։ Երբեմն հրաժարվում էր կերակուր ճաշտկելուց, ասելով, թե դեղած է։ Հայհոյում էր բոլորին ամենաանվայել հիշոցներով, հիշոցներ, որ խեղճ աղջկա ամոթխածությունը վիրավորում էին և ստիպում նրան, երեսը ծածկելով, փախչել դուրս։

Մի առավոտ Սարգիսը քնից զարթնեց կանուխ, բարձրաձայն գոռալով։ Նա սոսկալի երազ էր տեսել։ Իբր թե բակում, ահա այն երկու երկաթե ամբարների մեջտեղում,