նրանց ձայները խլանում էին մեծամասնության կարծիքների մեջ։
— Քի՞չ աղջիկ կար մեր քաղաքում, մեր մեջ,— ասում էր մեկը։
— Սմբատն էր, է՜լի, իրան անբախտացրեց,— ասում էր մյուսը։
— Ծնողներն են մեղավոր, ինչո՞ւ երեխա հասակում տարան գցեցին օտար երկիր։
— Ամեն բան մոռացավ, անուն, պատիվ, ազգ, հավատ... խայտառակեց իրեն էլ, մեզ էլ...
Անտոնինա Իվանովնան տխրում էր։ Ահագին բազմության մեջ զգում էր իրան մենակ և օտար...
— Նայեցեք,— գանգատվեց նա Սմբատին, շշնջալով,— կարծես, ես վայրենի եմ դրանց մեջ։ Տեսեք, ինչ խորթ աչքով են նայում։ Բոլորի, բոլորի դեմքերն արտահայտում են կամ արհամարհանք, կամ ներողամտություն։ Հավատացեք, ես ոչ ոքի չեմ մեղադրում, բայց ինչո՞ւ, ինչո՞ւ ինձանից պահանջում եք, որ այդ խորթությունը ես մարսեմ։ Դրանք ինձ հետ երբեք չեն հաշտվիլ, ինչպե՞ս հաշտվեմ ես...
— Տգետ են, ներողամիտ եղեք։
— Գիտեմ, բայց չեմ կարողանում, ոչ, չեմ կարողանո... թույլ տվեք ինձ հեռանալ... շնորհավորեցի տոնը, բավական է, ճաշի մնալ չեմ կարող։
— Ես ձեզ ստիպելու իրավունք չունեմ...
Անտոնինա Իվանովնան ոչ մի թախանձանքի չզիջեց, հրաժեշտ տվեց։ Դուրս գալով փողոց, նա կրծքի խորքից արձակեց երկարատև մի հառաչանք։ Կարծես, սուղ ու ծանր մթնոլորտից ազատվեց։
Եվ, իրավ, սուղ ու ծանր էր նրա համար խորթ շրջանի մթնոլորտը։ Սուղ, ինչպես դրսում, նույնպես և տանը։
Հետևյալ օրը նա տելեֆոնով Միքայելին խնդրեց յուր համար հանքերում պատրաստել բնակարան երկու կամ երեք սենյակից։ Նա վճռեց տեղափոխվել երեխաների հետ հանքերը։ Սմբատը չհակառակեց։
Միքայելը յուր բնակարանը դատարկեց, մաքրել և նորից