խմեց մի բաժակ սուրճ, հանդիմանեց մորը, որ միշտ, ձեռները կրծքին դարսած, տխուր ու մռայլ, ուրիշներին էլ տխրեցնում է։ Նույն տրամադրությամբ իջավ գրասենյակ։ Այնտեղ արդեն բոլոր ծառայողները հավաքվել էին, իսկ յուր սենյակում սպասում էին մի քանի այցելուներ։ Նա կարգադրեց սովորական գործերը. ճանապարհ դրեց այցելուներին, ուրախացավ, երբ լսեց, որ նավթի գինը կես կոպեկ փթին ավելացել է։ Նա հաշվեց, որ եթե գործերն այսպես ընթանան, կարող է հորերի թիվը կրկնապատկել, երեք միլիոնը դարձնել տասը-տասնուհինգ միլիոն։ Զգաց փողի արժեքն ավելի, քան երբևէ զգացել էր, ամաչեց յուր նախկին «երեխայական գաղափարներից»։ Նա նույն տրամադրությամբ կամեցավ դուրս գալ, մի քիչ զբոսնել։ Հանկարծ ներս մտավ Իսահակ Մարութխանյանը, այն մարդը, որ երեք-չորս ամիս էր՝ երես էր դարձրել Ալիմյաններից։
— Ներեցեք, Սմբատ Մարկիչ,— լուրջ ու հանդիսավոր եղանակով ասաց անսպասելի հյուրը,— ես ձեզ հետ մի շատ կարևոր գործ ունիմ։
— «Մի շատ կարևոր գործ»,— ուրիշ կերպ չէր կարող կարծել Սմբատը։ Անկասկած շարժառիթը շատ մեծ է, որ այդ մարդուն դրդել է գալու։ Իսահակը նայեց շուրջը, հավաստիանալու համար, արդյոք, երրորդ անձ ներկա չէ՞։ Մոտեցավ միջին դռներին, հարցնելով.
— Կարելի՞ է փակել բանալիով։
— Բայց ինչո՞ւ։
— Անհրաժեշտ է։
Սմբատը ձեռով նշան արավ նրան նստելու։ Ինքն էլ նստեց։
— Գիտե՞ք ինչ, Սմբատ Մարկիչ,— սկսեց հյուրը, ձեռնոցները հանելով,— դուք պետք է սառնասիրտ լինեք, համբերությամբ լսեք ինձ։
Որքան նա ինքը սառն լիներ, այնուամենայնիվ բարակ ու պաղ ձայնի մեջ զգացվում էր ինչ-որ անսովոր հուզում:
— Ի՞նչ եք կամենում, կարճ ասացեք,— գոչեց Սմբատը անհամբեր։