Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/345

Այս էջը հաստատված է

— Սմբատ Մարկիչ, այդ ձեր եղբոր գործն էր։ Բայց այս երեկո, հենց այս երեկո, կտեսնեք ձեր աչքով։ Միխայիլ Մարկիչին էլ բերեք — եթե ինքը յուր բերանով չխոստովանի, այն ժամանակ թեկուզ երեսիս թքեցեք։ Սպասե՞մ այս երեկո։

— Բավական է, ես ժամանակ չունեմ կոմեդիա խաղալու...

Այս ասելով՝ Սմբատը ոտքի կանգնեց։ Մարութխանյանը ձեռնոցը հանդարտ ձգեց գլխարկի մեջ, որ դրած էր սեղանի վրա, հանեց ծոցի գրպանից մի ծրար, դուրս բերեց այնտեղից մի քառածալ հասարակ թուղթ։ Բաց արավ թուղթը, պահեց Սմբատի առջև՝ ասելով.

— Կարդացե՛ք...

Սմբատը կարդաց, զննեց եղբոր ստորագրությունը։ Այս մեկ թղթով պարտքի գումարը երեսուն հազար էր առանց տոկոսների։ Նա որոնեց գրասեղանի դարանները, գտավ Միքայելի հին մուրհակներից մեկը, համեմատեց ստորագրությունը և ակամա արտասանեց.

— Այո՛, կարծես Միքայելի ձեռն է։

— Կարծելու բան չկա, հաստատ է,— ասաց Մարութխանյանը թուղթը հետ առնելով հանդարտ և դնելով ծոցի գրպանը։

— Բայց կեղծած է,— ավելացրեց Սմբատը,— Միքայելը ձեզ ոչինչ պարտ չէ։

— Է՜հ, որ այդպես է, ուրեմն դատարանը ցույց կտա։ Ուզո՞ւմ եք իմանալ, թե ինչպես են գոյացել այս պարտքերը։

— Պատմեցե՛ք,— ասաց Սմբատը, նստելով և թիկն տալով բազկաթոռին։— Սուտ պատմվածքն էլ ունի իր որոշ գեղեցկությունը։

— Սրանից վեց տարի առաջ Միքայելը հափշտակվում է մի ծովային սպայի գեղեցկուհի կնոջով։ Այդ կինը գցում է նրան յուր ցանցերի մեջ։ Միքայելն սկսում է պարտքեր անել գեղեցկուհուն հագեցնելու համար։ Դիմում է Մարութխանյանին։ Ուրիշ «ո՞ր հիմարը» նրան պիտի հավատար այդքան փող։ Գեղեցկուհին խոստանում է Միքայելին փախչել նրա հետ արտասահման։ Մարութխանյանը նրանց տալիս է ճանապարհածախս