Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/346

Այս էջը հաստատված է

և երկու տարվա ապրուստի փող։ Այս բոլոր պարտքերը տալիս է, Մարկոս աղայի մահից հետո ստանալու պայմանով։ Ինչ անպիտանություն որդու կողմից, այնպես չէ՞։ Գեղեցկուհին խաբում է Միքայելին, փողերն առնում ձեռքից ու... մի ուրիշի հետ փախչում Ֆինլանդիա։ Այս մեկ... Հետո, մի տարի անցած, ասպարեզ է գալիս ուրիշ գեղեցկուհի — մի ինչ-որ կոմիսիոների կին։ Դա նույնպե բավական «քամում է խելոքի գրպանը»։ Իսկ խելոքը միշտ դիմում է փեսային։ Տե՜ր աստված, այժմ էլ Իսահակը, հիշում է, թե ինչպես էր աղաչում Միքայելը, ինչպես էր լալիս։ Այնուհետև մեռնում է Մարկոս աղան, Միքայելը ձեռ չի քաշում փեսայից և հին պարտքերը տալու տեղ, նոր պարտքեր է անում... Ահա ամբողջ պատմությունը երեք հարյուր քսան հազար ռուբլու...

— Բավական է,— գոչեց Սմբատը, հուզված ոտքի կանգնելով,— դուք երևելի դարվիշ եք, ձեր ֆանտազիան խիստ հարուստ է։ Այդ բոլորը, ինչ որ պատմեցիք, ինքներդ եք հնարել։

— Կարճ ասացեք. ուզո՞ւմ եք փողերս տալ, թե՞ չէ։

— Ո՛չ,

Մարութխանյանը վեր կացավ տեղից, հեգնական ժպիտը կարմրախայտ երեսին ու հաստլիկ շրթունքների վրա։ Նա չկարողացավ Սմբատին համոզել խոսքով, կհամոզի դատարանի միջոցով։ Էքսպերտները չեն կարող չվավերացնել պարտաթղթերի իսկությունը. ինքը Միքայելը նույնպես չի հրաժարվում յուր ստորագրությունից. այս մասին նա ապահով էր։ Բայց, այնուամենայնիվ, չէր կամենալ գործը դատարանը գցել։ Ով գիտե, ինչ կարող է պատահել։

— Նեղություն քաշեք, տելեֆոնով հայտնեցեք Միքայել Մարկիչին, որ այս երեկո գա քաղաք։ Կգաք մոտս — լավ, չեք գալ, դուք եք իմանում։ Ցտեսություն։

Նա դուրս եկավ այնքան հանգիստ, որքան հանգիստ ներս էր մտել։

Երեկոյան նա նստած էր յուր առանձնասենյակում երկայն կանաչագույն մետաքսյա խալաթը հագին։ Գրում էր, ջնջում, հաշիվներ անում. գումարում էր յուր հարստությունը,