Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/351

Այս էջը հաստատված է

Եվ նա պատմեց եղելությունր։ Հայտնի է, թե ինչ ներգործություն ունեցավ նրա վրա հանգուցյալ հոր կտակը։ Նրա բոլոր հույսերն օդը ցնդվեցին այդ կտակով։ Նա կորցրեց բանականությունը, ենթարկվեց ինչ-որ չար ուժի զորության։ Սկսեց այնպիսի բաներ անել, որ ուրիշ ժամանակ չէր անիլ: Թշնամացավ մեծ եղբոր հետ, դիմեց Մարութխանյանի խորհուրդներին: Միասին հնարեցին այն կեղծ կոնտր-կտակը։ Նա այդ կտակով սպառնաց Սմբատին։ Սպառնալիքը չազդեց։ Նա ավելի կատաղեց։ Ուղեղը մթնեց, չգիտեր ինչ էր անում։ Իսկ Մարութխանյանը շարունակ նրան լարում էր հարազատ եղբոր դեմ։ Հենց այդ ժամանակները պատահեց մի բան, որ ավելի մթագնեց նրա խելքը։ Նա կրքերից հարբեց, գիշեր ու ցերեկ միացան նրա համար։ Իսկ Մարութխանյանը շարունակ նրան լարում էր։ Նա միշտ համոզում էր Միքայելին՝ դատ բանալ եղբոր դեմ։ Մի օր, վերջապես, գլուխն ազատելու համար, Միքայելն ասաց նրան. «արա, ինչ որ ուզում ես, ես քեզ իրավունք եմ տալիս»։ Ահա հենց այդ իրավունքը դեպի չարը գործ դրեց Մարութխանյանը։ Այդ օրից նա ամեն օր բերում էր Միքայելի մոտ տեսակ-տեսակ թղթեր և ստորագրել տալիս։ Շատ անգամ Միքայելը հարբած էր լինում, իսկ այդ մարդը հենց այդ միջոցներին էր գալիս նրա մոտ։ Նա հիմար էր, չէր կարդում շատ թղթեր և միայն ստորագրում էր։ Կարող էր մտածել, որ նրա թեթևամտությունից այդ մարդը պիտի օգտվի, բայց այդպես, այդ անամոթությամբ, այդ լրբությամբ — երբեք չէր կարող երևակայել։

— Ահա երբ եմ ստորագրել պարտաթղթերը...

Նա բորբոքված դեմքը դարձրեց փեսային և ատամները սաստիկ կրճտելով՝ արտասանեց.

— Անազնի՛վ, և դու ուզում ես այս տեսակ փողերով կերակրել իմ քրոջը...

— Եվ բժշկել նրա հիվանդ երեխաներին,— ավելացրեց Մարութխանյանը, տակավին սառնարյուն,— ինչո՞ւ արյուն քրտինքով աշխատած փողերովս չպիտի պահեմ ընտանիքս։ Սիրելի՛ս, փառք աստծու, այստեղ երեխաներ չեն նստած, որ ասածներիդ հավատան։ Մարդ հասարակ նամակն էլ