Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/354

Այս էջը հաստատված է

— Լի՛րբ, քանիսի՞ն ես կողոպտել, քանի՞ խեղճերի ես հացից զրկել...

— Օօ՜, շատ շատերին, մինչև անգամ հանգուցյալ հորդ։

— Խնդրեմ, մեր հոր մասին, ոչ մի խոսք,— գոչեց Սմբատը խորին սրտմտությամբ։

— Գո՛ղ, ավազա՛կ, վախկո՛տ,— մռնչաց, Միքայելը, ոտն ուժգին զարկելով հատակին,— գոնե տաքացիր, բարկացիր, վախկո՛տ...

Այս արդեն չափազանցություն էր։ Մարութխանյանը վիրավորվեց, որովհետև կողմնակի անձ էր ներկա։ Նա ասաց.

— Ես սկանդալիստ չեմ, վախկոտ եմ։ Կռվել ես ուզում, գնա Գրիգոր Հաբեթյանի մոտ... Նա քեզ պատասխան կտա...

Ակնարկը պարզ էր։ Նա սպառեց Միքայելի համբերության վերջին կաթիլը։ Առանց այդ էլ, արդեն շատ էր զսպել իրեն։ Արյունը խփեց գլխին։ Վերջին ամիսներում կրած վիրավորանքներն ու դառն վշտերը մի վայրկյանում կուտակվեցին նրա սրտում։ Առերևույթ մեղմացած հոգին բորբոքվեց նախկին կրակով, որ դեռ վառ էր։ Դա այլևս այն Միքայելը չէր, որ սեփական հանցանքից ընկճված, այնպես կաշկանդվեց Գրիգոր Հաբեթյանի առջև։ Այնտեղ նրան զսպողը խղճի սուր խայթոցն էր և այն հեզ կերպարանքը. այստեղ արդար էր, ոչ մի տարր չկար, որ զսպեր նրան։

Նա մի ակնթարթում վերցրեց մոմկալը սեղանի վրայից և շպրտեց այն մարդու վրա, որ այդ պահին պատկերացավ նրա աչքում կենդանի մարմնացում բոլոր թշնամիների թշնամության: Գործողությունը կատարվեց այնքան արագ, որ Մարութխանյանը ժամանակ չունեցավ դռների հետևում դրված Մարտիրոսին կանչելու։ Մոմկալը մի պտույտ գործեց Սուլյանի գլխի վրա և տակի կողմով դիպավ տանտիրոջ ճակատին։ Արյունը դուրս ցայտեց, թափվեց երեսի վրա, հուսաց ներքև, շաղախեց թանկագին խալաթը։ Վիրավորվածը ձեոները սեղանին հենելով, կամեցավ վեր կենալ, չկարողացավ, նորից ընկղմվեց բազկաթոռի վրա, արձակելով մի խուլ ճիչ։