Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/357

Այս էջը հաստատված է

— Վճարել նրա պարտքերը։ Գիտեմ, ես ժառանգ չեմ, բայց պետք է վճարել։

Սմբատը զարմացավ, ի՞նչ, մի՞թե ուզում է օրը ցերեկով կողոպտվել։

— Այո՛։

Սմբատն ընկավ մտատանջության մեջ։ Միքայելն ունի իրավունք այս կամ այն կերպ վարվել «պարտաթղթերի» հետ, վճարել, մերժել կամ դատարանին թողնել գործը, բայց առանց շեղվելու հոր կտակից։

— Եթե ուզում ես վճարել, պիտի ամուսնանաս։

— Այդ չեմ կարող անել։

— Ինչո՞ւ։

— Հենց այնպես, չեմ կարող ամուսնանալ։

— Հասկացա,— արտասանեց Սմբատը,— դու սիրում ես մեկին, որ քեզ չի սիրում։

— Իհարկե, կհասկանաս, որովհետև գիտես, որ այդ մեկը քեզ է սիրում։

— Միքայե՛լ։...

— Էհ, խորամանկությունը թող մի կողմ։ Մի՛ փորձիր ինձ։ Այո՛, դու ինձանից բարձր ես բարոյապես։

— Այդ աղջկան ես առիթ չեմ տվել ոչ ինձ սիրելու, ոչ մանավանդ քեզ ատելու։

— Հավատում եմ։

Միքայելը նստեց սեղանի քով, գլուխը դրեց ձեռների վրա։

— Կկամենա՞ս, որ ես խոսեմ այդ աղջկա հետ,— հարցրեց Սմբատը։

— Երևի, բարոյական կշիռս նրա աչքում բարձրացնելու համար, չէէ՞։ Շնորհակալ եմ։ Գիտեմ, որ վեհանձն ես, բայց ես ողորմություն չեմ ուզում։ Բավական է, չեմ ուզում այդ մասին երկար խոսել։ Սիրում եմ, թե չեմ սիրում, իմ գործն է, իսկ ամուսնանալ չեմ կարող։ Գրավ դիր ինձ, քանդիր հորս կտակը, ընդունիր ինձ քեզ մոտ ծառա, բայց վճարիր այդ փողերը։

— Ես հանգուցյալի կտակից մազու չափ չեմ շեղվի։