Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/358

Այս էջը հաստատված է

— Ինչո՞ւ միայն իմ վերաբերմամբ։ Իսկ դու իրավունք ունես մեր հոր կամքն անկատար թողնելու։

— Միքայե՜լ...

— Մի՛ վիրավորվիր։ Չէ՞ որ դեռ չես բաժանվել կնոջիցդ...

— Ես երեխաներ ունիմ, որոնց սիրում եմ։

— Եվ որոնք քո ժառանգներն են, էլի հակառակ հանգուցյալի կտակին։

— Երբե՛ք։

— Օրենքով, այո՛, բայց կողմնակի կերպով դու նրանց կդարձնես ժառանգ։

— Միքայել, դու դեռ իրավունք չունիս այդպես խոսելու։

— Դեռ չունիմ, բայց, երևի մի օր կունենամ, չէ՞։ Ներիր, ես այսպես չէի խոսիլ, եթե դու առաջվա Սմբատը լինեիր։ Վերջին ժամանակ սկսել ես փողը հարգել... Ես կույր չեմ շատ էլ։ Բավական է, վճարի՛ր իմ պարտքերը, եթե չես ուզում թշնամանալ ինձ հետ։

Եվ նա, գդակը վերցնելով, շտապեց դուրս։ Սմբատն ընկավ խորին մտատանջության մեջ։ Նա չէր կարողանում բացատրել Միքայելի համառությունը` վճարել անարդար, հնարովի պարտքերը։ Չլինի՞ թե վախենում է, որ դատարանում բացվի մի կեղտոտ գաղտնիք... Եվ ի՞նչ կարող է լինել այդ գաղտնիքը։

Դրությունը տագնապալի էր։ Նա իրավունք չուներ կես միլիոնի չափ մի գումար բաժանել հայրական ժառանգությունից։ Եվ եթե ունենար էլ, դյուրի՞ն է այդպես շուտով զրկվել ահագին գումարից: Այո՛, ճիշտ ասաց Միքայելը. նա այժմ զգում է փողի նշանակությունը, ավելի՜, նա սկսել է սիրել մետաղը։ Գոնե այնչափ է սիրում, որ զգում է վեց-յոթ միլիոնից կես միլիոն դեն շպրտելու անկարելիությունը... Եվ ինչո՞ւ շպրտել, ի՞նչ հիմարություն։

Նա փորձեց համոզել Մարութխանյանին, որ հետ կանգնի անարդար պահանջից։ Սակայն պարտատերն անողոք էր։ Ի՞նչ, մի՞թե նա հիմար է, որ աչքերը բաց թողնի` «օրը ցերեկով իրեն կողոպտեն»։ Նա զուտ փող է տվել Միքայել Ալիմյանին և պետք է ստանա։ Առաջ նա դեռ կհամաձայնվեր