Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/359

Այս էջը հաստատված է

«մի բան էլ դրամագլխից բաշխել», իսկ այժմ, Միքայելի վարմունքից հետո, տոկոսի տոկոսն էլ կառնի...

Սմբատն սպառնաց, թե ամեն ջանք գործ կդնի ապացուցելու, որ պարտաթղթերը խարդախ են, կհրավիրի Պետերբուրգից ամենաառաջին փաստաբանին, կծախսի կես միլիոն, բայց կապացուցի։ Սակայն Մարութխանյանին այսպիսի սպառնալիքներով վախեցնելը դյուրին չէր։ Նա ինքը հենց վճռել էր Պետերբուրգից փաստաբան հրավիրել: Էհ, բոլորը գիտեն, որ Միքայելը եղել է շռայլ, փողը ծախսել է ջրի պես։ Գիտեն նույնպես, որ Մարկոս աղան ժլատ էր։ Որտեղի՞ց կարող էր Միքայելն այնքան փող ծախսել, եթե «բարեսիրտ ազգականը պարտք չտար»։

Վերջապես, Սմբատի համբերությունը սպառվեց։ Նա ասաց, թե կվճարի եղբոր պարտքերը, բայց կհամոզի հասարակության, որ պարտատերը խարդախ էր։ Այն ժամանակ տեսնենք` ինչ երեսով Մարութխանյանը կերևա հասարակության մեջ։ Բայց ավելի երեխայական սպառնալիք չէր կարող լինել պարտատիրոջ համար։ Նա բարձրաձայն ծիծաղեց։ Թող Մարութխանյանը դառնա կլորիկ միլիոնի տեր, մարդիկ կարող են նրա մասին խոսել, ինչ ուզում են և որքան ուզում։ Հասարակությո՞ւն, հա-հա-հա, հետաքրքրական է իմանալ, ո՞ր Սուլյանը, ո՞ր Սրաֆիոնը, ո՞ր Ղուլամյանը, ո՞ր Առաքելյանն այնուհետև մեջքը չի ծռիլ նրա առջև։ Նա մարդկանց շատ լավ է ճանաչում. մի ձեռով նրանց գրպանը ոսկի դիր, մյուսով խփիր գլխներին, էլի կժպտան։ Ահա թե նա ինչ կարծիք ունի հասարակության մասին։ Եվ մի՞թե քիչ կան քաղաքում խարդախներ, մաքսանենգներ, կեղծ սնանկությամբ հարստացածներ, նախկին գող գործակատարներ, որոնք այսօր պատիվ ու հարգանք են վայելում։ Իսկ Մարութխանյանը գողություն չի անում, էէ՜, նա իր «հալալ փողերն է» պահանջում։

— Սխալվում եք,— ասաց Սմբատը,— հասարակության մեջ ազնիվ մարդիկ էլ կան...

— Թող լինեն։ Հետո նրանք էլ կբարեկամանան։ Ահա, օրինակ, դուք, ազնիվ մարդ եք, չէ՞։ Եթե փող չեք սիրում, ինչո՞ւ այդպես պինդ կպել եք ձեր հոր միլիոններին։ Չէ՞ որ