Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/362

Այս էջը հաստատված է

— Հա, բաս, քինում ըմ, քինում ըմ, Իտալիա, Անգլիա, Գերմանիա, լոխ էլ պիտի ման կյամ,— ավելացրեց Սամսոնը, բառերը միմյանց հետևից արագ-արագ դուրս տալով իր ձեռի «տերողորմյայի» հատիկների պես կլորիկ ու ամուր։

Միքայելը վաղուց էր ճանաչում այդ երիտասարդին, ատում էր նրան։ Դա մի տեսակ Մարութխանյան էր իր եղբայրների ու քույրերի վերաբերմամբ. գրկում ու կողոպտում էր նրանց հոր մահից հետո։

— Հա, հինչ ըմ ասըմ,— շարունակեց մղդսի Աամսոնը, համրիչը բռնելով Միքայելի կրծքի վրա,— երեկ փեսադ ասում էր կլուբում, վըեր հինչ-որ գենգատ ունի քեզ վրա... Էդ հի՞նչ նաղլ ա...

— Չգիտեմ,— ասաց Միքայելը դժկամությամբ և, առանց ձեռ տալու, հեռացավ ձանձրալի խոսակիցներից։

— Պենըդ պյուրթ ա, մեր տղա,— արտասանեց նրա հետևից մղդսի Սամսոնը և, կառք նստելով, պատմեց Պապաշային Մարութխանյանի պահանջի մասին:

Այժմ Միքայելը Շուշանիկին հանդիպում էր հաճախ, բայց Անտոնինա Իվանովնայի ներկայությամբ և նրա բնակարանում։ Օրը մի անգամ գալիս էր տիկնոջ մոտ այն ժամանակ, երբ սովորաբար օրիորդն այնտեղ էր լինում։ Նրանք բարևում էին միմյանց սառն քաղաքավարությամբ, և ուրիշ ոչինչ։ Միքայելն անցնում էր երեխաների սենյակը և նրանց հետ խաղում, Շուշանիկը շարունակում էր պարապել տիկնոջ հետ։

Մի օր Անտոնինա Իվանովնան Միքայելին հաղորդեց, թե Շուշանիկի հայրը գրեթե խելագարվել է։ Նա այժմ տանջվում է սարսափի մանիայից, և սարսափի առարկան կրակն է։ Ամեն օր քնից զարթնում է թե չէ, սկսում է գոռալ և լաց լինել երեխայի պես։ Նա միշտ կրկնում է, թե Դավիթն ուզում է իրեն դուրս տանել, ձգել կրակի մեջ, այրել: Անտոնինա Իվանովնան խորհուրդ է տալիս տնեցիներին` հիվանդին տեղափոխել քաղաք, բայց հիվանդը չի ուզում սենյակից անգամ դուրս գալ, կարծելով, թե իրեն պիտի ձգեն խարույկի մեջ։