Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/369

Այս էջը հաստատված է

ինչո՞ւ ինքը պիտի ասի և ոչ նա. չէ՞ որ նրանք հավասար միմյանց վշտացրել են և միմյանց կյանքը թունավորել։ Թող նա մի թույլ ակնարկ անի, թե զղջում է, ինքն առաջինը ներում կխնդրի։

Երբ Անտոնինա Իվանովնան, աղախնի խոսքերից դրդված մի ակնթարթ նայեց Սմբատին, նկատեց նրա դեմքի վրա խիստ փոփոխություն։ Նրան թվաց, որ վերջին ժամանակ ամուսինը բավական գիրացել է, առողջացել։ Թվաց նույնպես, որ նրա աչքերն այժմ արտահայտում են մի տեսակ կենսասիրություն, որ նրա ճակատի վրա չկա այլևս առաջվա մռայլը։

Աղախինը ներս բերեց մի քանի կապոցներ, որ Սմբատը թողել էր կառքում։

— Սպասիր,— վազեց առաջ Վասյան և, խլելով կապոցները, սկսեց արագ-արագ բաց անել,— չխառնե՛ք. պապան մեզ համար ջոկ֊ջոկ նվերներ է գնել։ Ալյոշա, այս քոնն է. այս իմն է, այս էլ քոնն է, վերցրու, չէ, չէ, այդ մեկն իմն է։

Սմբատը միջամտեց, իրերը բաժանեց, որ մանուկները չկռվեն։ Մեջտեղ մնաց ամենից մեծ կապոցը։

— Այդ քոնն է, մամա,— ասաց Ալյոշան, կապոցը տալով մորը։

Տիկինը զարմացավ։

— Ձեզ համար ուսնոց է,— բացատրեց Սմբատը, երեսը մի կողմ դարձնելով։

— Ես գարնանային ուսնոց ունիմ։

— Հավանեցի, գնեցի. կամենա՛ք, վերցրեք, չկամենաք,— թողեք...

Նվե՛ր, ի՞նչ է նշանակում այդ։

— Մամա, վերցրու՛, լավն է,— ասաց Վասյան։

— Մամա, վերցրու՛, լավն է,— կրկնեց Ալյոշան։

Անտոնինա Իվանովնան, լուռ, ձեռով նշան արավ աղախնին, որ կապոցը տանի մյուս սենյակ։

Երկուսն էլ զգում էին անհարմարություն, երկուսն էլ ուզում էին այսօր ուղիղ նայել միմյանց երեսին և չէին նայում։ Իսկ երեխաները զբաղված էին իրանց խաղալիքներով,