Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/370

Այս էջը հաստատված է

նայում էին մեկ մեկ, հրճվում, բացականչում։ Նրանց մանկական մետաղահնչյուն ձայների մեջ ծնողները զգում էին սուր կշտամբանք։ Անտոնինա Իվանովնան մտածում էր. արդյոք անիրավ չի՞ վարվում այդ մարդու հետ, արդյոք մշտական դժբախտությունների գլխավոր պատճառն ի՞նքը չէ։ Մի՞թե չէր կարող լինել ավելի զիջող, քան հակաճառող։ Ինչո՞վ են մեղավոր այդ մանուկները, որոնց քաշքշում են հանքերից քաղաք և քաղաքից հանքերը, ստիպում վարել ինչ-որ անապատային կյանք։ Ինչո՞վ պիտի, վերջապես, պսակվի այս անորոշ կացությունը։ Նրանք սխալվել են, էհ, ի՞նչ արած, մի՞թե համառությամբ պիտի բարդացնեն սխալի հետևանքները։

— Ասում են՝ անդամալույծը խելագարվել է, ճի՞շտ է,— հարցրեց Սմբատը։

— Համարյա թե։

— Հարմա՞ր կլինի իմ այցելությունը։

— Չգիտեմ, միայն վաղ է, դեռ նոր է զարթնել։

Սմբատը դուրս եկավ, գնաց Միքայելի բնակարանը։ Բակով անցնելիս, մի անգամ հետ նայեց և լուսամուտի առջև տեսավ Շուշանիկի գլուխը։

Օրիորդը նրան չնկատեց։ Նա զբաղված էր գրասեղանի քով։ Մի քանի քայլ հեռու կանգնած էր հաղթանդամ Չուպրով, և ֆուրաժկան ձեռների մեջ պտտացնելով, թելադրում էր նամակ «տան» վրա։ Ծննդավայրի հիշողությունները վառվել էին նրա մեջ, առանց հուզման չէր կարողանում թելադրել նամակը։ Երբ հերթը հասավ «բարևներին», նա հիշեց բոլոր տնեցիների, բոլոր ազգականների, նույնիսկ հարևանների անունները։

Նամակն ավարտեց, Շուշանիկը գրեց հասցեն՝ Սարատովի նահանգի այսինչ գավառի, այնինչ շրջանի, այնինչ գյուղը։ Չուպրովն առավ ծրարը, փաթաթեց թաշկինակի մեջ և դուրս գնաց, խոր գլուխ տալով։ Շուշանիկը վերցրեց սեղանի վրայից գիրքը, շարունակեց կարդալ։ Կես ժամ անցած հոգնեց, սկսեց անցուդարձ անել։ Հետո դարձյալ նստեց սեղանի քով և անորոշ հայացքը դարձրեց դեպի կանաչ դաշտերը։