Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/372

Այս էջը հաստատված է

եմ իմանալ արդյոք իմ եղբոր մեջ որևէ արժանավորություն գտնո՞ւմ եք։

— Արժանավորությո՞ւն,— կրկնեց Շուշանիկը,— իմ կարծիքով չկա մի մարդ առանց որևէ արժանավորության։

— Բոլորովին ճիշտ է, բայց ես կկամենայի, որ դուք Միքայելին ինչպե՜ս ասեմ, ըըը... ավելի արժանավոր մարդ համարեիք, քան ում ևէ...

Արդեն այս խոսքերը բավական էին, որպեսզի Շուշանիկն իմանար, թե ինչ է Սմբատի նպատակը։ Նա վճռեց լինել պարզ, աներկյուղ։ Նա հարցրեց, արդյոք, ի՞նչ նշանակություն կարող է ունենալ իր կարծիքը մի «օտար» մարդու մասին։

Սմբատը աններելի համարեց խոսել մութ ակնարկներով։ Նա խնդիրը դրեց պարզ հողի վրա։ Կես ժամ առաջ նա Միքայելին թողեց հուսահատ դրության մեջ. պետք է այսպես թե այնպես խնդիրը լուծել։ Նա ասաց, թե գիտե, որ օրիորդը Միքայելին համարում է անարժան, նույնիսկ անբարոյական մարդ։ Այո՛, թող չշփոթվի. նա ասում է այն, ինչ որ վաղուց գիտե։ Եվ այդ բոլորովին չի վիրավորում նրա եղբայրական զգացումը։ Մի «վերին աստիճանի համեստ ու մաքուր էակ» ուրիշ կարծիք չէր կարող ունենալ այն մարդու մասին, որ կյանքն անց է կացրել աննպատակ, շռայլ ու զեխ։

— Երբ ես Ռուսաստանից եկա, Միքայելը քաղաքի ամենաապականված երիտասարդներից մեկն էր։ Հայրս ինձ կտակեց ուղիղ ճանապարհի բերել մոլորված եղբորս։ Ես պարտավոր էի կատարել հանգուցյալի կամքը, թեև ինքս շատ էլ հնազանդ որդի չէի եղել... Աստծուն է հայտնի, թե որքան աշխատեցի համոզել Միքայելին, որ իր կյանքը փոխի։ Բայց իմ բոլոր ջանքերն անցան զուր։ Միքայելն ուղղվելու փոխարեն, ավելի ու ավելի փչացավ։ Ձեզ էլ հայտնի է, որ թե ինչ վիրավորանքներ ստացավ նա, որչափ անպատվվեց և խայտառակվեց։ Ես չկարողացա ազատել նրան բարոյական անկումից, որովհետև այդ իմ ուժերից բարձր էր։ Բայց այն, ինչ որ ինձ համար դժվար էր, մի ուրիշի համար դարձավ շատ դյուրին բան... Ծայրահեղ ապականված մարդը, մի