Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/378

Այս էջը հաստատված է

բարոյականության վերաբերմամբ։ Ընդունում էր Անուշին իր տանը բարեկամաբար, ծանոթացնում էր իր ընկերուհիների հետո։ Ահա ինչ ասել է չլինել ասիացի, անկիրթ ու կոպիտ, մտածում էր Անուշը։ Հայուհիները երես են դարձնում, իսկ օտարուհին բարեկամանում է, նույնիսկ պաշտպանում նրան։

— Գիտե՞ս ինչ, սիրելիս,— ասում էր մի օր տիկին Վիշնևսկայան,— տղամարդուն պետք է հենց իր զենքով պատմել։ Ինչու՞ երես տալ մեկին այնքան, որ նա, աստված գիտե, ինչեր երևակայի իր մասին։ Հավատարիմ է ինձ, ես էլ հավատարիմ կմնամ, չէ — «ակն ընդ ական, ատամն ընդ ատաման»։ Էհ, սիրելիս, մենք երկրորդ անգամ աշխարհ չենք գալու։ Ապրենք, քանի որ կարելի է ապրել։ Իսկ երբ կծերանանք, սև կձգենք գլխներիս, աչքներս կծռենք դեպի վեր ու կերգենք. «Ալելույա, ալելույա, տեր, դու թողություն տուր մեր մեղքերին»։ Կարծում ես՝ աստված չի՞ ներիլ։ Հավատա, կների։ Նա բարի է, մարդկանց պես նեղսիրտ չէ...

Անուշը մտածեց Միքայելից վրեժ առնել։ Ու՞ր է նա, թող գա, տեսնի քանի-քանի գեղեցիկ, երիտասարդ երկրպագուներ ունի այժմ Անուշը։ Մի օր, ծովափում զբոսնելիս, հենց այս մասին էր մտածում, երբ հեռվից տեսավ Միքայելին։ Նրան ուղեկցում էր մի ջերմ երկրպագու, հագնված վերջին տարազով։ Նա ձեռը մտցրեց երիտասարդ ուղեկցի թևի տակ, սկսեց ժպտալ և ինչ-որ շշնջալ։ Նա ուզում էր պարզ ցույց տալ, թե այդ մարդու հետ շատ մտերիմ է։

Միքայելը գալիս էր մի գործարանատիրոջ գրասենյակից, որի հետ նավթային հաշիվներ ուներ։ Նախ չիմացավ՝ բարևի Անուշին, թե՞ չէ։ Ապա վճռեց բարևել։ Բայց դեռ չմոտեցած, նկատեց տիկնոջ աչք ծակող ձևերը, լսեց նրա համարձակ քրքիջը, ձեռը հեռացրեց գդակից և երեսը զզվանքով հետ դարձրեց։

Անուշը գրեթե ոչնչացավ։ Վրեժ լուծելու փոխարեն՝ արժանացավ բացարձակ արհամարհանքի։ Գունատվեց, կորցրեց ինքն իրեն և, երբ բոլորովին հավասարվեց Միքայելին, արտասանեց.