Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/379

Այս էջը հաստատված է

— Լի՜րբ։

Տղամարդկային ձայնով արտասանած կոպիտ հիշոցը Միքայելի զզվանքը փոխեց ցավակցության դեպի մի կին, որի բարոյական այժմյան անկման սկզբնապատճառն էր եղել։

Հասնելով հանքերը՝ նա Սմբատին հանդիպեց գրասենյակում։ Այստեղ իմացավ, որ Մարութխանյանն արդեն դիմել է դատարանին, և շուտով կստացվի կոչնագիր։ Ի՛նչ, մի՞թե նա չաղաչեց Սմբատին, որ գործը վերջացնի առանց դատարանի։ Սմբատը պնդեց, թե չէր կարող այդ անել, թե հանաք բան չէ վերցնել կես միլիոն և դեն շպրտել։

— Որ այդպես է, ես դատարան չեմ գնալ,— ասաց Միքայելը գրգռված։

— Էհ, ե՛ս կգնամ քո փոխարեն։

— Լիազորություն չեմ տալ։

— Միքայել, դու բոլորովին գժվել ես։

— Իսկ դու խելոքացել ես ավելի։ Թո՛ղ ինձ հանգիստ․․․

— Ուրեմն այդ քո վերջի՞ն խոսքն է։

— Վերջին և դրական։

Սմբատը մտածեց մի քանի վայրկյան և վճռապես հայտնեց, թե Մարութխանյանին մի կոպեկ անգամ չի տալ։

— Այն ժամանակ, թող ինձ բանտ գցեն, դրան էլ հոժար եմ,— ասաց Միքայելը և անցավ իր սենյակը։

Այսօր, իր հանցանքի առարկային հանդիպելուց հետո, զգում էր անասելի տանջանք։ Եթե նա այնքան իրեն վայր է գցել, որ մի կին փողոցում շպրտում է «լի՜րբ» բառը, և նա լռում է — մի՞թե միևնույնը չէ այսուհետև։ Կարծես, բարոյապես սնանկի համար նյութական սնանկությունն զգալի՞ պիտի լինի։ Այո՛, թող նրան գցեն բանտ, միևնույն է։

— Կանչի՛ր այստեղ Դավիթին,— հրամայեց նա ծառային։

Ներս մտավ հաշվապահը գրիչը ձեռին։

— Եղբայրս գնա՞ց։

— Գնաց։

— Ի՞նչ գործի եք։