հետևեցին մյուս պառավները, թեև ոչ մի բառ չէին հասկանում կոնդակից։
— Այս օրհնյալ տունն արժանի է հայրապետական օրհնության,— ասաց սրբազանն ընթերցումն վերջացնելուց հետո, կոնդակն իր ձեռքով Սմբատին հանձնելով։ Մի՛ լաք, քույրե՛ր, այլ ցնծացեք, քանզի այսօրվանից երկնավոր թագավորի աջը պիտի լինի այդ գերդաստանի վրա։ Թող ամենաբարձրյալ աստված հանգուցյալի հոգին դասեսցե ի շարս սրբոց և մարգարեից։
Այս ասելիս, սրբազանը ջերմեռանդորեն բարձրացրեց աչքերը դեպի վեր։ Կես ճանապարհին նրա հայացքը կանգ առավ առաստաղից կախված ահագին բրոնզե և ոսկեզօծ ջահի վրա։ «Մարդ գիտենա ի՞նչ արժե այդ», ասաց նա իր մտքում։
Այնուհետև սկսեց խոսել էջմիածնի մասին, խորհուրդ տվեց այրի Ոսկեհատին առաջիկա մեռոնօրհնությանն այցելել Մայր Աթոռը։ Ասաց, թե ինքն էլ այնտեղ է լինելու թեմի ժողովրդի համար աղոթելու և նորին Վեհափառությանը մատուցելու նրա հավատարմության հավաստիքը առաքելական մայր եկեղեցուն:
— Մեղք ունիմ, սրբազա՛ն, մեծ մեղք, մեր սուրբ կրոնի դեմ, չեմ կարող պարզերես էջմիածին գնալ,— ասաց այրին, մի նշանակալից հայացք ձգելով իր շուրջը։
Սրբազանը ծանոթ էր Ալիմյանների ընտանեկան պատմությանը, ուստի, հասկանալով այրիի միտքը, դարձավ իր հետ եկած հոգևորականներին.
— Տեր հայրեր, և դու հա՛յր սուրբ, անցեք մյուս սենյակ։ Հրամանն իսկույն կատարվեց և ներկա մնացին, բացի սրբազանից ու Ոսկեհատից, Սմբատն ու Սրաֆիոն Գասպարիչը:
Այրին խոսեց։ Այո՛, մեծ է Ալիմյան գերդաստանի վրա ընկած արատը, մինչև որ չջնջվի այդ արատը, ոչ ոք այդ գերդաստանի անդամներից չունե իրավունք իրան «հայ քրիստոնյա» համարելու։ Սմբատը նախազգացել էր, որ մայրն այդ խնդրի մասին պիտի խոսե սրբազանի հետ, ուստի