Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/383

Այս էջը հաստատված է

լուսամուտին։ Սկզբում թվաց նրան, որ այրվում է այն տունը, ուր գտնվում էր ինքը։ Նա այնքան շփոթվեց, որ չիմացավ հագնվի, թե մերկությամբ դուրս վազե։ Մի՞թե, ճշմարիտ, հրդեհ է, թե երազ։ Նա բաց արավ լուսամուտի փեղկերը, նայեց կրակի կողմ, ցնցվեց, արձանացած մի վայրկյան։ Կրակը հեռու չէր այն բնակարանից, ուր կենում էր Անտոնինա Իվանովնան՝ երեխաների հետ և Զարգարյանները։

Սարսափն արնցավ ուղեղին, թերթը մթագնեց։ Սակայն զգում էր, որ այդպիսի դեպքերում սառնասրտությունն է առաջին անհրաժեշտ պայմանը։ Նա մի կերպ շտապով հագնվեց և վազեց դուրս։ Իսկ սուլոցները շարունակվում էին ավելի ու ավելի զորանալով, որպես մարդկային աղերսանքներ, հուսահատական, ահարկու։ Դա մի տեսակ դիվային համերգ էր, որքան զորավոր, նույնքան աններդաշնակ և իր աններդաշնակության մեջ զարհուրելի գիշերվա խավարում։

Գրասենյակում լամպարը դեռ վառ էր, բայց Դավիթ Զարգարյանը այնտեղ չէր։ Անտարակույս կրակն Ալիմյանների հանքերի վրա է։ Մշակներն արդեն զարթնել էին և շփոթված վազում էին դեպի կրակը ցիրուցան, որպես մրջյուններ, որոնց բնի վրա մի չար ձեռ ջուր է թափել։

— Մեզ մո՞տ է,— հարցրեց Միքայելը բարձրաձայն։

— Նոմեր հինգերորդն է այրվում,— պատասխանեցին խավարի միջից մի քանի քնահարբ ձայներ։

Հինգերորդ համար բուրգը, այն, որ գտնվում է Անտոնինա Իվանովնայի բնակարանից ընդամենը քսան քայլ հեռու։

Ընդարձակ բակը լցվել էր սև ուրվականներով։ Նրանք նկուղներից դուրս էին բերում բահեր, թիեր, դույլեր, երկաթե ձողեր, ջրմուղներ և այլ հրդեհաշեջ գործիքներ։

Մի պահ Միքայելն իրարու հակասող կարգադրություններ էր անում, տակավին անտեղյակ կրակի ուղղությանը։ Երբ հասավ հրդեհի վայրը, արդեն ահարկու վայնասուն էին տալիս բոլոր հանքերը՝ քսան քառակուսի վերստ տարածության վրա։ Թվում էր, որ այդ սոսկալի «ույվույները» գալիս