Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/385

Այս էջը հաստատված է

արժանի Ֆիդիասի ստեղծագործությանը։ Քանի մի վայրկյան կարմիր շապիկը, որ, կարծես, բոցերից էր հյուսված, փայլփլեց բոսորագույն լուսո ներքո և չքացավ, որպես օդային երևույթ։

Ծուխն արդեն շրջապատել էր ամբողջ տունը։ Քանի մի րոպե ևս, ամեն մի օգնություն կլիներ ապարդյուն։ Եթե անգամ հուրը չներխուժեր շինության մեջ, այնտեղ գտնվող թշվառները պիտի խեղդվեին ծխից։ Սոսկալի է նավթային հրդեհը, բնավ, ոչ նման սովորական հրդեհներին։ Հանքերում ու գործարաններում կրակը տարածվում է հողմի արագությամբ, իր ճամփին լափելով ամեն ինչ, վասնզի այդտեղ չկա իր, որ չայրվի՝ ամենուրեք տարածված և ամենուրեք թափանցող նավթի ու գազի շնորհիվ։ Երբեմն մարդիկ հազիվ լսում են ահարկու ազդը սուլոցների, երբ արդեն նրանց կյանքը վտանգի մեջ է։ Դեռ լավ է, երբ կրակն սկսում է բուրգից կամ որևէ շինությունից, իսկ եթե սկսվել է նավթամբարից, կորուստն անխուսափելի է։ Ամբարների ազատ տարածության մեջ կուտակված գազը, ընդհարվելով մի չեչին կայծի, պայթում է հարյուրավոր թնդանոթների զորությամբ և բոցերի հեղեղը վայրկենաբար տարածում է ամենուրեք, որպես արգելաններից ազատված ծով։

Չուպրովը պատշգամբի վրա հետ մղեց Միքայելին ասելով.

— Այս ձեր տեղը չէ։

Նա շտապեց ներս։ Այլևս նա գիտեր, որ այնտեղ կան մարդկային արարածներ, որոնց պետք է փրկել։ Ովքեր են այդ մարդիկ, միևնույն է նրա համար, պետք է ազատել։ Արհամարհել ամեն վտանգ և ազատել — այս էր հեռավոր հյուսիսից եկած մուժիկի պարզ սկզբունքը։

Լճակը բռնկվեց բուրգից տարափող կայծերից։ Երակն անմիջապես կլանեց նրան, չորս կողմ տարածելով ծխի սև ու թանձր ամպերը։

Չուպրովը լսեց ամբոխի աղաղակը և բնազդմամբ զգաց, որ վտանգը գալիս է բնակարանի ներսը։ Նա առաջին սենյակումն էր, ուր ոչ ոք չկար։ Երեսը խաչակնքելով, վազեց հաջորդ սենյակը...