Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/386

Այս էջը հաստատված է

Անտոնինա Իվանովնան առաջին անգամն էր տեսնում նավթային հրդեհ։ Կես գիշերին, զարթնելով շվիկների ձայներից, միանգամից չհասկացավ նրանց նշանակությունը։ Չէ՞ որ ամեն գիշեր տասներկու ժամին սուլում են, երբ բանվորների հերթափոխն է։ Նա այն ժամանակ սթափվեց, երբ լուսամուտներից ներս հոսացին կրակի ծիրանագույն շողերը։ Շտապով հագնվեց մի կերպ, վազեց խոհանոց, զարթեցրեց ծառային, հետո աղախնին և երբ վերադարձավ, արդեն վտանգի մեջ էր։ Նա չկամեցավ երեխաներին դուրս տանել մերկ, չըմբռնելով, որ նավթային հրդեհի ժամանակ ամեն ուշացած շարժում վտանգ է սպառնում։ Սկսեց հագցնել նրանց, չնայելով ծառայի և աղախնի թախանձներին՝ շտապել դուրս։ Ծառան փախավ՝ իր անձն ազատելու...

Չուպրովն առաջին ու երկրորդ սենյակների դռների մեջ ընդհարվեց Դավիթ Զարգարյանի հետ։ Նա մի ձեռով բռնել էր Վասյային, մյուսով գրկել Ալյոշային։ Ծուխն արդեն կուրացնում էր նրան, ոչինչ չէր տեսնում, քայլում էր առաջ մթության մեջ։ Մի վայրկյան ևս, և պիտի շփոթվեր ու ուղին կորցներ։ Չուպրովը մի ձեռով խլեց նրանից Ալյոշային, մյուսով փետուրի պես բարձրացրեց Վասյային։ Մանուկներն ապշել էին, չգիտեին ինչ է կատարվում։ Չէին լալիս սարսափի զորությունից կաշկանդված։

— Մամա՜,— գոռաց Վասյան, ամուր գրկելով Չուպրովի պարանոցը։

Դավիթը, շունչն ուղղելով, հետ գնաց։ Մեկը բռնեց նրա թևերից և հետ մղեց։ Ո՛վ էր, չգիտցավ։ Քանի մի վայրկյան անցած դռների մեջ երևաց Կարապետը, որ ուսերի վրա դուրս էր բերում Անտոնինա Իվանովնային։ Կարապետի հետևից երևաց Ռասուլը, տիկնոջ աղախնին շալակած։

Միքայելը պատշգամբից իջավ ցած այն ժամանակ, երբ համոզվեց, որ ներսում ոչ ոք չմնաց։

Այժմ դուրսը տիրում էր դժոխային խառնաշփոթություն։ Մշակներն ավելի գոռում ու աղաղակում էին, քան գործ կատարում։ Միմյանց հրամայելով, վազում էին հետ ու առաջ, վայր ընկնում, վեր կենում նավթի ու տիղմի մեջ թրջված