Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/387

Այս էջը հաստատված է

ու ցեխոտված։ Եվ նրանց նավթաթաթախ ու մրոտ դեմքերը բոցերի լուսո ներքո փայլում էին հղկած բրոնզի գույնով։

Ուրախության մի աղաղակ բարձրացավ, երբ դրսում երևացին՝ Չուպրովը երկու երեխաներին իր կրծքին սեղմած, Ռասուլն՝ աղախնին շալակած և Կարապետն իր գլխից վեր Անտոնինա Իվանովնային բարձրացրած։ Երեք հսկաներ, օրվա անձնազոհ հերոսներ, որ փրկել էին «մեծ աղայի» ընտանիքը։ Այնինչ, չգիտեին, որ կա մի ուրիշ ընտանիք ավելի մեծ վտանգի մեջ...

VII

Կիզանուտ հեղուկով տոգորված փայտաշեն բուրգն այժմ մի հսկայական ջահ էր, ծայրե ի ծայր վառված, կույր տարերքի զորությանը նվիրված վիթխարի մի կերոն։ Կրակն արագ-արագ լափում էր բուրգի տախտակները, որոնք ճարճատելով արձակում էին դեպի երկինք բյուրավոր կայծեր։ Փամփուշտների պես վեր բարձրանալով, կայծերը ծխերի մեջ գործում էին կատաղի պտույտներ և թափվում աջ ու ձախ։ Գոյացել էր մի զմայլելի հրեղեն տարափ։ Երկրի վրա հողմը կայծերը ժողովում էր և, ավլելով, տանում կիտում շինությունների պատերի տակ, անկյուններում ու խոռոչներում այնպես, որպես կիտում է ձյունը փոթորկի ժամանակ։

Կային միամիտ մշակներ, որ ճգնում էին բուրգը հանգցնել ջրով, մի բան, որ անհնարին էր. կրակը ծիծաղում էր ջրի մի մազաչափ հոսանքի վրա, որ կարկաչելով դուրս էր վազում ռետինե խողովակներից, ձեռնաշարժ ջրմուղի միջոցով։ Բոցերի ահռելի լեզուները, ընդհարվելով բնության հակառակ տարրի հետ, արձակում էին դիվային քրքիջներ, կարծես, ծաղրելով թշնամու անզորությունը։ Ջուրը մի վայրկյանում շոգի դառնալով, ավելի բորբոքում էր կրակը, քան կռվում նրա հետ։

Փորձառու բանվորներն աշխատում էին նավթամբարներն ազատել հրեղեն անձրևից, առանձնապես բուրգից ոչ հեռու գտնվող գետնափոր շտեմարանը։ Մոռանալով ամեն վտանգ, նրանք ժողովվել էին հողային տանիքի վրա և