Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/388

Այս էջը հաստատված է

թրջված թաղիքներով ծածկում էին բաց տեղերը, ուսկից դուրս էր գալիս նավթային գազը։ Մի թույլ շփում բոցի, և նավթամբարը պիտի պայթեր, օդը ցնդելով քառասուն մարդկային դիակներ։ Մի ուրիշ խումբ զբաղված էր այն երկաթե ամբարների շուրջը, որ այնքան սարսափներ էին պատճառել Շուշանիկի հիվանդ հորը։

Ազատելով Սմբատի ընտանիքը, Դավիթն անցավ տան մյուս բաժինը։ Այդ մասը բավական հեռու էր հրդեհից. այս էր պատճառը, որ Դավիթը կարևոր համարեց նախ ուրիշներին օգնություն հասցնել, ապա իր մերձավորներին։

Պատշգամբի ծայրում Դավիթը հանդիպեց քրոջը։ Այրին փոքրիկներին դուրս էր բերել այդտեղ և այժմ զբաղված էր իր լաթերով։ Նա գոռաց շփոթված այրիի վրա, բռնեց ձեռքից, ձգեց սանդուղքից ցած, գրկեց փոքրիկներից մեկին, մյուսի ձեռքից բռնեց, շտապեց դեպի բակը։ Հետո նորեն բարձրացավ պատշգամբ։ Խոհանոցի առջև տեսավ պառավ աղախնին, որ ճգնում էր դռների միջից դուրս բերել իր սնդուկը։

— Կորի՛ր, հիմար, թող այդ, ինքդ ազատվիր,— գոչեց Դավիթը,— ո՞վ կա ներսում։

— Կան, կան,— պատասխանեց պառավը, շնչասպառ և ավելի ամուր կպավ սնդուկին, որ պարունակում էր նրա լաթերը։

Հրդեհն սկսվելիս ընտանիքը քնած էր, Շուշանիկը նույնպես։ Առաջինը զարթնեց օրիորդը և զարթնեցրեց մորն ու հորաքրոջը։ Նա կարող էր իսկույն դուրս բերել փոքրիկներին, բայց մայրը չթողեց, չվստահանալով նրան։ Տիկին Աննային մեծ ջանք էր հարկավոր զարթեցնել անդամալույծին, ապա մի կերպ հագցնել վերարկուն Շուշանիկի օգնությամբ։ Մինչ նրանք զբաղված էին Սարգսով, կրակն արագ-արագ մոտենում էր։

Դավիթը վազեց ներս։ Այստեղ ծուխն այնքան թանձր չէր, որքան Անտոնինա Իվանովնայի բնակարանում։ Դավիթն անցավ եղբոր սենյակը, հավատացած լինելով, որ Շուշանիկն ու իր քույրն էլ այնտեղ են։ Այդտեղ, սեղանի վրա լամպարի մթագնած լուսո ներքո նրա աչքերի առջև բացվեց