Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/392

Այս էջը հաստատված է

տելեֆոնով հրդեհի մասին իմաց էր տվել քաղաք։ Սմբատը կլուբից շտապել էր հանքերը։

Անտոնինա Իվանովնայի ատամներն ահից զարկվում էին իրարու. դողում էր ամբողջ մարմնով։ Բայց չէր ուզում հեռանալ հրդեհի վայրից։ Չէ՞ որ նրա զավակներին ազատողն այժմ ինքն էր վտանգի մեջ, չէ՞ որ տմարդություն կլինի թողնել նրան անօգնական։ Կրակի ճարճատյունը, խորտակվող ու փլչող շինությունների դղրդյունը, կայծերի տարափը, ամբոխի աղաղակները, ծուխը, մուրը, արնագույն լույսերը, երկնի խավարը, երկրի ժխորը նրա աչքերի համար զարհուրելի քաոս էին գոյացրել, որի նմանը երազել անգամ չէր։ Քաոս, ուր միայն մի բան պարզ էր նրա համար— մարդու ապիկարությունը կույր տարերքների զորության դեմ։ Այժմ նավթային ճահիճը ներկայացնում էր մի հսկայական թոնիր, ուսկից բոցերը վազում էին վեր, արձակելով մի տեսակ ստորերկրյա խուլ թնդյուններ, և կորչում անհետանում երկնի սևության մեջ։

Որքան հրդեհն ընդարձակվում էր, այնքան ամբոխի շարժուն օղակը մեծանում էր ու լայնանում, որպես ծովի ալիքները մրրկի մեջ պտտվող նավի շուրջը: Հրդեհի ու մարդկանց մեջ բացված տարածությունը ծածկվել էր տիղմի, մրի ու նավթի լպրծուն զանգվածով։ Մարդիկ սլկվում էին, սայթաքում, ընկնում, երբեմն երկնչելով որպես դիվահարներ, երբեմն բարձրաձայն գոռալով երկյուղից, մի գուցե ջարդվեն հազարավոր ոտների տակ։

Աննան շարունակ աղաղակում էր. «օգնեցեք, оգնեցեք».— նրա այրի տալը կուրծքն էր ծեծում, այս ու այն կողմ վազելով։ Ահ, ազատեցեք նրա եղբորը, որբերի միակ սննդարարին ու հովանավորին։ Չէ՞ որ նա, բացի այդ մարդուց, ուրիշ պաշտպան չունի։

Ուշքի գալով, Շուշանիկի առաջին ձգտումը եղավ, վերադառնալ նորեն այնտեղ, ուր մաքառում էր կրակի դեմ հորեղբայրն իր հորն ազատելու համար։ Բայց մայրը, բռնելով նրա թևերից, հետ քաշեց։ Նրա խիտ մազերը թափվել էին ուսերի վրա, երեսը մրոտվել էր, աչքերը, կարծես, սպառնում էին դուրս գալ շրջանակներից։ Նա ոտները զարկում