պիտի թավալվեր հետ և այնուհետև այլևս փրկության և՛ ոչ մի հույս։
— Ո՞վ կա, оգնեցեք,— գոռաց Դավիթը։
Բայց ո՞վ պիտի լսեր նրա ձայնը խլացուցիչ գանգյունների մեջ, թանձր ծխի ու կրակի փոթորկված օվկիանոսում։ Այնուամենայնիվ Դավիթր հույսը չկորցրեց, գոռաց երկրորդ, երրորդ, չորրորդ անգամ, գոռաց այնքան, որ, վերջապես, ձայնը խեղդվեց կոկորդում։ Այլևս նրա ձեռները թուլացան, հուսահատ գլուխը թեքվեց կրծքին։ Փրկության եզրում նա տեսավ իր և իր եղբոր գերեզմանը մոխիրների մեջ ու մոխիրներից։
Բայց մի վերջին ճիգ ու վերջին աղաղակ ևս և ահա հրաշք. ժխորի միջից, կարծես, մեկն արձագանք է տալիս նրա ձայնին։ Այո, այդ իրականություն է։ Ահա լուսամուտի առջև նկատեց մի մարդկային կերպարանք։
Միքայելն էր. թաղիքի մեջ փաթաթված, ցեխոտ ու մրոտ ոտքից մինչև գլուխ։ Նա բռնեց անդամալույծի ոտներից, և ազատվողն իր մարմնի ամբողջ ծանրությամբ ընկավ ազատողի վրա։ Դավիթն անմիջապես վար ցատկեց, ընկավ գետնի վրա, ոտքի ելավ։ Մի վայրկյան նայեց Միքայելի դեմքին, ապշեց։ Նրա սիրտը լցվեց երախտագիտության զգացումով. ի՜նչ, այդքան բազմության մեջ միայն նա՞ եղավ անվեհեր, միայն նա՞ վճռեց նետվել դժոխքի մեջ՝ ինչ-որ երկու կիսամահ մարդկային արարածներ փրկելու։
Դավիթը կամեցավ բարձրացնել եղբորը։ Անդամալույծն արդեն ուշաթափվել էր։ Միքայելը բարձրացրեց նրա ոտները, Դավիթը՝ գլուխը, և շտապեցին դուրս բերել նրան ծխի սահմաններից։ Երկուսն էլ հոգնած էին չարաչար։ Երկիրը լպրծուն էր․ մեծ ջանք էր հարկավոր չսայթաքելու համար։ Ազատում էին մի մարդ, որի կյանքը ոչ մի բանի պետք չէր և ընդհակառակը թույն էր մերձավորների համար։
Բայց ոչ. այնտեղ, կրակից հեռու ողբում էր այդ մարդուն մի էակ, որ հավասարորեն թանկ էր Դավիթի և Միքայելի համար։
Նրանք հասան մի տեղ, ուր ծուխը հանկարծ թանձրացավ։ Բա՜, մի՞թե փրկության համար նրանք պիտի խեղդամահ