Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/399

Այս էջը հաստատված է

Հինգ տարի էր այդպիսի մեծ հրդեհ չէր եղել։ Քաղաքից շարունակ գալիս էին հանքատերեր, գործարանատերեր, գործակատարներ։ Որին քնից էին զարթնեցրել, որոնք գալիս էին թղթախաղի սեղանից, քեֆից, արբեցողությունից, սիրուհիների գրկից կամ անառականոցներից։

Սմբատն այլայլված վազում էր դեսուդեն և կարգադրություններ անում, անօգուտ հրամաններ արձակում։ Նա հոգնել էր գոռալուց, սպառնալուց, աղերսելուց։ Հրամայեց, որ սպանված աշխատավորների դիակներն ասպարեզից հեռացվեն։ Ողբալի դեպք, բայց այդ մասին նա հետո կմտածե, իսկ առայժմ պետք է հոգալ կրակից, լափից ազատելու այն, ինչ որ հնարավոր է ազատել։ Բայց այլևս ուշ էր, այլևս ոչ մի բուրդ և ոչ մի շինություն չի ազատվիլ այրվելուց, բացի նորակառույց շինությունից։

Անտոնինա Իվանովնան մի քանի մշակների օգնությամբ դուրս էր բերում գրադարանի գրքերը։

— Երեխաներին ուղարկեցի՞ք քաղաք,— հարցրեց նա Սմբատին։

— Այո։

— Ձեր եղբոր մի կուռը կոտրվել է Զարգարյաններին ազատելիս։

— Գիտեմ,— արտասանեց Սմբատը և չքացավ ամբոխի մեջ։

Միքայելը պառկած էր մի փոքրիկ կեղտոտ սենյակում, մերկ անկողնակալի վրա։

Նրան շրջապատել էին Զարգարյանները։ Մի ձեռը դրած գլխատակին, մյուսն անզոր ձգած կրծքի վրա, շրթունքները կրծոտելով, աշխատում էր զսպել անտանելի ցավերը։ Շուշանիկը լուսամուտի առջև օգնում էր բժշկին ինչ-որ փաթաթան պատրաստելու։ Նա հոգնած էր, ուժասպառ, հազիվ կարողանում էր կանգնել ոտքի վրա։ Ահ, որքա՜ն նա զգացել էր ու ապրել այս մի քանի ժամվա ընթացքում և ո՜րպիսի հեղաշրջում էր տեղի ունեցել նրա հոգու մեջ։

Ահա ի՜նչ. ուրեմն, նա, որից ոչինչ լավ բան չէր սպասում, որին գրեթե արհամարհել էր, որից փախել էր որպես ժանտախտից — ցույց տվեց այդքան հերոսություն։ Ուրեմն,