մեջ նետվել, կյանք չունեն, զուրկ են ապրելու ցանկությունից։ Փոքրոգություն։ Սարսափել մահից այն ժամանակ, երբ ուրիշները չէին սարսափել, նետվելով կրակի մեջ, որպեսզի ազատեն նրա զավակներին։
Իդեալացրածի կերպարանքից ընկնում էր խորհրդավորության քողը, անզուգականը դառնում էր առօրյա հասարակ արարած — վաճառական։ Նողկանք — ահա այդպիսի մեկի արժանավոր վարձը։ Դառն է բաժանվել երևակայականից, բայց և ցանկալի։ Չէ՞ որ այն, ինչ որ ստեղծել էին երազները, երբեք, երբեք չպիտի պատկաներ իրան։ Էէ՜, թող ուրեմն սթափվե, տեսնելով բացված աչքերով մերկ իրականությունը։ Այժմ Շուշանիկը ոչ միայն պարտավոր է մոռանալ այդ մարդուն, այլև կարող է մոռանալ։ Ահա նա, վազվզում է ամբոխի մեջ, մերթ հրամայելով, և մերթ աղերսելով փրկել կրակի լափից մնացորդն իր կայքերի։ Այժմ նրա դեմքն այլևս չունի նախկին առնականությունն ու հուրը, և ձայնը զրկվել է իր թովչությունից արդեն այն վայրկյանից, երբ աղաղակեց. «տղերք, ազատողին հինգ հազար ռուբլի»...
Միքայելը, հեզ ու խոնարհ երեխայի պես, թույլ տվեց բանալ իր կուռը և փաթաթանը փոխել։ Մի վայրկյան վարեն վեր նայելով, կարդաց Շուշանիկի աչքերի մեջ խորին կարեկցության հետք և մի ուրիշ բան։ Կռան ցավերն անտանելի էին, բայց գրեթե ոչինչ չզգաց։ Օ՜о, նա իր թևն անվերջ կթողներ բժշկի ձեռների մեջ, Շուշանիկը մնար ներկա և նույն հայացքով նայեր նրան։ Բայց ոչ, վերջացնելով իր գործը, օրիորդը հեռացավ և մեղմիկ քայլերով դուրս գնաց։
Այնտեղ, կից սենյակում պառկած էր կրակից ազատված անդամալույծը։ Նա քնած էր անխռով քնով։ Շուշանիկը նստեց նրա գլխի մոտ, փոքրիկ նստարանի վրա։ Նրա սիրտը պաշարել էին անորոշ զգացումներ, մտքերը շփոթվում էին. հոգնած գլուխը չէր կարողանում տակավին պարզ հաշիվ տալ մերձավոր անցյալի մասին։ Նա հեռու էր ամբոխից, բայց աղաղակները հնչում էին նրա ականջներին, հրդեհը չէր տեսնում, բայց տարերքների անթափանցելի քաոսը կանգնած էր նրա աչքերի առջև։ Այնտեղ թանձր ծխերի մեջ