Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/404

Այս էջը հաստատված է

արդեն բժիշկը ուղղել է։ Դժբախտությունը պատահել էր այն րոպեին, երբ, անդամալույծին Չուպրովին հանձնելուց հետո, սայթաքեց և ընկավ գետին։

— Շա՞տ է ցավում,— հարցրեց Արշակը։

— Ո՛չ, դատարկ բան է,— պատասխանեց Միքայելը, որ իրապես տառապում էր ցավերից։

— Կեցցե՛ս,— ասաց Քյազիմ-բեգը հիացած,— մի անգամ իմ մի ոտի ոսկորը դուրս էր ընկել, երեք օր բառաչում էի տավարի պես։

Եկան Սրաֆիոն Գասպարիչն ու Սուլյանը։ Ինժեները հոգու խորքում ուրախ էր հրդեհին։ Նրա կառավարության ժամանակ Ալիմյանների հանքերում պատահել էին հրդեհներ, բայց ոչ այդչափ խոշոր։ Այժմ թող Սմբատը զգա, թե ումից խլեց կառավարչի պաշտոնը և ում հանձնեց։

Դռների մեջ երևեցան ակնավաճառ Բարսեղն ու թղթակից Մարզպետունին։ Երկուսն էլ իրենց մի քիչ մեղավոր էին զգում Միքայելի առջև և ամաչեցին ուղղակի մոտենալ նրան։ Թղթակիցը դուրս բերեց գրպանից հուշատետրը և սկսեց մատիտով ինչ-որ գրել։ Պարզ էր, որ հրդեհի նկարագրությունն էր անում։ Եթե Միքայելն ուշադրություն դարձներ նրա վրա, երկու օրից հետո պիտի կարդար իր հերոսության նկարագիրը և հետո ընդուներ հեղինակի այցելությունը...

Սակայն Միքայելը ոչ նայում էր ներկա եղողներին և ոչ լսում նրանց խոսածները։ Թեև ցավերը մեղմացել էին, և նա այժմ քնելու պահանջ էր զգում։ Բոլոր անցքը նրան թվում էր երազ, պարզ հիշում էր միայն Շուշանիկի աղեկտուր ճիչերը, մարմնացած հուսահատության պատկերը, գեղեցիկ աչքերի աղերսալի նայվածքը։ Ահ, ինչպես էր աղաղակում, ինչպես էր ճիգն անում ազատել իրեն բռնողների ձեռներից՝ կրակի մեջ նետվելու համար։ Եվ որքան աներկյուղ էր, որքան հուսահատ, նույնքան գեղեցիկ։ Նրա հրափայլ աչքերը, դուրս ցցված կուրծքը, կոկորդի լարված երակները, ուսերի վրա անկանոն սփռված մազերը — դա ինքը հրդեհն էր։ Սոսկալի չէր նրա համար հսկայական խարույկը, վասնզի կար նրա մեջ ավելի զորավոր խարույկ։ Եվ նա պիտի այրվե՞ր, նա, այդ զմայլելի էակը մի անդամալույծի, մի մահամերձի՞ համար։ Օօ՜, ո՛չ