— Պիտի աշխատե՜ս,— կրկնեց Միքայելը մեղմիկ հեգնանքով,— ո՛չ, հարկավոր է բոլորին ապահովել կենսաթոշակով։
— Դյուրին է ասել։ Հրդեհի տված վնասը հասնում է երեք հարյուր հազար ռուբլու։
— Ի՞նչ շուտ հաշվեցիր,— գոչեց Միքայելը նույն մեղմիկ հեգնանքով։— Այո՛, վնասը մեծ է, բայց ավելի մեծ է մարդկային կյանքը։
— Իհարկե, ինչ ասել կուզե։
Շուշանիկը գաղտուկ նայեց Սմբատին։ Եվ ի՛նչ փոփոխություն․ թվաց նրան, որ այդ մարդուն զբաղեցնում են ո՛չ այնքան մարդկային թշվառությունն ու վշտերը, որքան իր նյութական կորուստը։
Խոսք բացվեց Չուպրովի, Ռասուլի և Կարապետի մասին․ Սմբատն ասաց, թե որոշել է յուրաքանչյուրին նվիրել երկու-երկու հարյուր ռուբլի։
— Միայն այդքա՞նը,— զարմացավ Միքայելը — էէ, եղբայր, շատ քիչ ես գնահատում ընտանիքիդ կյանքը։
— Իմ երեխաների գլխավոր ազատիչը նրանք չեն․․․ կա ուրիշը։
— Գիտեմ, բայց նրա մասին պետք է լինի առանձին կարգադրություն։
— Ձեր ընտանիքն ազատել են այդ երեք մշակները,— ասաց Դավիթը հասկանալով Միքայելի ակնարկը,— ուրիշ մեկը չկա։
— Դուք համեստություն չե՞ք ցույց տալիս, արդյոք,— հարցրեց Սմբատը բարեկամական հեգնանքով։
— Համարձակվում եմ ասել, որ ես միշտ դեմ եմ եղել կեղծ համեստությանը։ Նա նույնն է, ինչ որ իսկական անհամեստությունը։ Ճիշտ է, ամենից առաջ ես եմ օգնության վազել, բայց ձեր ընտանիքի իսկական ազատարարներն այն երեք անձնվեր մշակներն են... Գալով ինձ, ես արդեն վարձատրված եմ ավելի քան առատորեն․․․
— Թողնենք առայժմ այդ խոսակցությունը,— ընդհատեց Միքայելը։
— Ո՛չ, ներեցեք, ես պարզ մարդ եմ․ շատ էլ ուզենամ