Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/407

Այս էջը հաստատված է

չեմ կարող թաքցնել։ Պարոն Միքայել, դուք ցույց տվեցիք այսօր աննման հերոսություն, փրկելով երեք հոգի։ Ահ, ներեցեք, զգացված եմ, չգիտեմ ինչպես ամփոփել իմ մտքերը... Շուշանիկը, նա՛ միայն կգտնե խոսքեր իր և իմ երախտագիտությունը ձեզ արտահայտելու․․․

Եվ խորին հուզումից նրա ձայնը խեղդվեց, նիհար ձեռներն սկսեցին դողդողալ։

Շուշանիկը ոչինչ չասաց։ Նա միայն մի խորը հայացք ձգեց Միքայելի երեսին, և, շառագունելով, գլուխը թեքեց կրծքին։ Սմբատը լուռ մտախոհության մեջ էր։ Նրան բոլորովին ուրիշ միտք էր զբաղեցնում։ Երբեմն նրա դեմքով սահում էր տարօրինակ ժպիտ։ Հանկարծ նա դարձավ Անտոնիա Իվանովնային.

— Ովքե՞ր են Չուպրովը, Ռասուլը, Կարապետը և ահա այդ մարդը, ի՞նչ կապ կա նրանց մեջ։

Տիկինը հասկացավ հարցի բուն իմաստը։ Նա նույնն էր մտածում ինչ որ ամուսինը։

— Այո՛,— ասաց նա, հառաչելով ու գլուխը խորհրդավոր շարժելով,— ունիք իրավունք, ես համաձայն եմ։

Եվ մի մեղմ ժպիտ լուսավորեց Անտոնինա Իվանովնայի դեմքը։ Ժպիտ, որի նմանը Սմբատը յոթ տարի էր՝ չէր տեսել այդ մշտապես խոհուն դեմքի վրա։

Արեգակը մայր մտավ՝ ժողովելով իր վերջին շողերը բուրգերի բարձր գագաթներից։ Իսկ այնտեղ լայնածավալ բակում խռնվել էր բազմալեզու, բազմակրոն ամբոխը և հավասար վշտով համակված լուռ ողբում էր սյուների տակ ջարդված ու այրված ընկերներին։ Երեքը սպանվածներից հայեր էին, մեկը՝ ռուս, հինգերորդը՝ թուրք։ Եվ ամենքի մահվան մեջ ամբոխն անխտիր տեսնում էր իր ճակատագրի դաժանությունը...

Ճաշից հետո Սմբատը հարցրեց Անտոնինա Իվանովնային․

— Այսօր կգնա՞ք ինձ հետ քաղաք։

Տիկինը ընկավ մտատանջության մեջ։ Այժմ նա ինքը