էր ինչ-որ երկնային տուրք, որի մեջ զգում էր իր ճակատագրի խորհրդանշանը։ Նայելով մահամերձի արդեն հողի գույն ստացած դեմքին, խորասուզվում էր անսովոր մտքերի մեջ։ Մի միստիկ երանգ ուներ նրա համար մահի մերձավորությունը։ Նա ինքը գտնվելով կյանքի և ոչնչության միջև, զգացել էր սոսկալի շունչը չքացման և տեսել նրա պաղ աչքերի ձգողական նայվածքը։ Այն րոպեներին մահն այնքան ահարկու չէր, որքան այժմ։ Այժմ, մերձավորի մահճակալի քով։ Եվ մերթ ընդ մերթ սարսռում էր ու դողդողում։ Թռչուն էր մրրիկի բերանն ընկած։ Նրան ազատեցին ուժով, հակառակ իր կամքի, ինչպես այդ անդամալույծին, վասնզի չէր ուզում փրկվել առանց փրկելու։ Եթե չաներ այդ, պիտի հավիտյան տանջվեր խղճի սուր խայթերից և, ով գիտե, գուցե և՛ մահանար անփառունակ մահով որպես մի զազրելի որդ։ Այժմ նա մի էակ է ինքն իր աչքում, մարդկային արարած, դուստր արժանի այդ կոչման։ Այժմ նա ավելի ճիշտ էր ըմբռնում կյանքի խորհուրդը, ավելի հասկանում և ավելի մտածում ու զգում։ Տեսարաններ են բացվում նրա հոգեկան աչքերի առջև, որ առաջ չկային կամ կային խորին խավարի մեջ։ Այժմ անցյալի խոհերն ու զգացումները նրան թվում էին մերթ ծաղրելի, մերթ երկյուղալի, մերթ ամոթալի, բայց և միշտ խառն, անորոշ։ Սիրե՞լ է, արդյոք Սմբատ Ալիմյանին, թե սիրել է իր ամպամած երևակայության ստեղծագործությունը, երազողի իդեալը։ Եթե սիրել է այդ մարդուն, իբրև մարդու, հապա ո՞ւր է այժմ նախկին պատկերը։ Չկա, միրաժն անցավ, իլյուզիան չքացավ, մնաց մի առօրյա, մի սովորական մահկանացու, որ ոչնչով չի տարբերվում իր նմաններից։ Չկա ոչ առնականությունը նրա դեմքի վրա և ոչ թովիչ երաժշտությունը նրա ձայնի մեջ։ «Երեք հազար, չորս հազար, հինգ հազար, ազատողին», մարդկային կյանքի ամոթալի աճուրդ։ Օ՜հ, մանկական խաբեություն, չքացած երազ ընտիր գրքերով սնված ուղեղի։ Այժմ մի այլ կերպարանք է պատկերանում նիրհերից սթափված էակի առջև։ Ահա այդ է իսկականը և այդ կերպարանքն է կրում իր դեմքի վրա բուն առնականությունը։ Այդ գունատ ճակատի վրա է դրոշմված հերոսությունը և այդ թախծալի աչքերի մեջ է բազմած արծիվը։ Իսկ այն մյուսը
Էջ:Shirvanzade, Collection works, vol. 3.djvu/409
Այս էջը հաստատված է